Saturday, December 4, 2010

Թուրքերը Wikileaks-ի պատճառով Էրդողանին դատի են տալիս

Tert.am. 3-12-2010- Թուրքիայի «Ժողովրդի ազատագրում» կուսակցությունը, հիմնվելով Wikileaks-ի հրապարակած ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերի վրա, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Այս մասին, թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է կուսակցության փոխնախագահ, փաստաբան Թաջեթթին Քոչաքը։
Թուրք փաստաբանի խոսքով՝ իրենք ցանկանում են դատարանում պարզել, թե որքանով է իրականությանը համապատասխանում Wikileaks-ի տարածած փաստաթղթերում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շվեյցարական բանկերում ունի հաշվեհամարներ, ինչպես նաև՝ Էրդողանի մեղսակցությունը մի շարք ապօրինությունների։
Հիշեցնենք, որ Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում տեղ են գտել նաև մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք առնչություն ունեն կաշառակերության և կոռուպցիայի հետ։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ասվում է, որ նա 8 առանձին հաշվեհամարներ ունի շվեյցարական բանկերում։
Սակայն այդ փաստաթղթերի հրապարակումից հետո Թուրքիայի վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, թե ինքն անգամ մի գրոշ չունի շվեյցարական բանկերում։ Էրդողանը հայտարարել էր նաև, որ եթե որևէ մեկը կարողանա ապացուցել, որ ինքը հաշվեհամարներ ունի շվեյցարական բանկերում, ապա պատրաստ է հրաժարական տալ։

No comments: