Saturday, December 4, 2010

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐԸ

Մինչդեռ թուրքահայությունը անդորրի եւ հատկապես համայնքի հոգսերով ապրող պատրիարքի կարիքն ունի
«ԱԶԳ», 04-12-2010- Նոյեմբերի 3-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ուֆուք Ուրասը հետեւյալ հարցումն էր արել կառավարության անդամներին. «Ինչո՞ւ չի թույլատրվում Մեսրոպ Բ Մութաֆյանի փոխարեն նոր պատրիարքի ընտրությունը: Ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը անպատասխան է թողնում պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբի նոր պատրիարք ընտրելու դիմումը: Մի՞թե երկրի շահերից է բխում Թուրքիայի հայերին առանց պատրիարքի թողնելը»:
Պատգամավոր Ուրասի հարցին պատասխանելիս Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հիշեցրել էր, որ 2009-ի դեկտեմբերի 3-ին Ստամբուլի նահանգապետարան ներկայացրած դիմումով պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը Մութաֆյանին ցմահ պատրիարք է ճանաչել, եւ ելնելով վերջինի առողջական անմխիթար վիճակից, միաժամանակ պահանջել է «աթոռակից» պատրիարքի ընտրություն:
Այնուհետեւ նախարարը շարունակել էր. «Մինչ քննարկվում էր այս դիմումը, 2010-ի հունվարի 14-ին աթոռակից պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը նոր պատրիարք ընտրելու անհրաժեշտության մասին մեկ այլ դիմում ներկայացրեց նահանգապետարան, որը հակասում է հոգեւոր խորհրդի դիմումին: Պատճառը հենց այս հակասությունն է: Ոչ ոք չի հրաժարվել նոր պատրիարք ընտրելու մտքից: Սակայն քանի դեռ Մութաֆյան պատրիարքը ողջ է, նրան կփոխարինի տեղապահը, որի նշանակումը անհրաժեշտություն էր եւ կրում է ժամանակավոր բնույթ»:
Նախարարի պատասխանով, որին նոյեմբերի 5-ի համարում անդրադարձել էր «Ազգը» , պատգամավոր Ուրասը բավարարվել է թե ոչ, չգիտենք: Բայց որ նոր պատրիարք ընտրելու հարցը դեռեւս շարունակում է կրքեր բորբոքել պոլսահայ համայնքում, ակնհայտ է: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Սթարի» դեկտեմբերի 1-ի հրապարակմանը, որը մեկնաբանության բնույթի առաջաբանով իր կայքէջում է տեղադրել Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի անմիջական վերահսկողության տակ գտնվող «Հայթերթ» կայքէջը:
Ըստ թուրքական թերթի, թուրքահայ համայնքը ընդվզել է պատրիարք ընտրելու իր իրավունքը ոտնահարելու դրսեւորման դեմ, դրա համար քննադատել է վարչապետ Էրդողանի կառավարությանը եւ կազմակերպել ստորագրահավաք, որին մասնակցել են համայնքի ավելի քան 5000 անդամներ: Այդ ընթացքում մամուլի ասուլիս է կազմակերպել պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը, որի կազմում են Հայաստանում հայտնի Տիգրան Ալթունը , «Թառաֆի» հեղինակ Մարգար Եսայանը եւ ուրիշներ:
Ասուլիսում կազմակերպիչները վերստին հիշեցրել են նախաձեռնող խմբի կառավարության ներկայացրած դիմումի մասին, ընդգծելով, որ դա մերժվել է «պատրիարքի փոխարեն պատրիարքարանը պետք է տեղապահ ընտրի» պատճառաբանությամբ: Այնուհետեւ նրանք ասել են, որ կառավարության մերժումից հետո պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը Արամ արք. Աթեշյանին պատրիարքի տեղապահ ընտրեց, փաստորեն դրանով էլ համայնքին զրկեց ընտրելու դարավոր իրավունքից:
Վերջում նախաձեռնող խմբի անդամները հայտարարել են. «Մենք ձգտում էինք նոր պատրիարքի ընտրության հարցը կարգավորել սեփական ուժերով, բայց չկարողացանք»: Դրա համար նրանք մատնացույց են արել նախաձեռնող խմբի հանդիպման առաջարկը` մերժելու տեղապահ Արամ արք. Աթեշյանի կեցվածքը: Այս ամենից հետո Մարգար Եսայանը ընդգծել է, որ Արամ Աթեշյանին որպես պատրիարքի տեղապահ կառավարությունն է ընտրել, իսկ դա օրենքի կոպիտ խախտում է:
Ենթադրվում է, որ նախաձեռնող խումբը շուտով նոր դիմում կներկայացնի վարչապետ Էրդողանին, իրազեկելով նրան թուրքահայ համայնքի ստեղծված անորոշ իրավիճակից բխող անհանգստության մասին: Ինչ վերաբերում է ստորագրահավաքի համար ներկայացված տեքստին, որն առ այսօր 5359 մարդ է ստորագրել, ապա այնտեղ ասված է. «Պատրիարքի տեղապահի Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին անհարիր ընտրությամբ ոտնահարվել է ընտրելու մեր իրավունքը: Աշխարհիկ-ժողովրդավար իրավական պետության մեջ անընդունելի է հայ համայնքի` պատրիարք ընտրելու իրավունքի ոտնահարումը»:
Ինչպես նախաձեռնող խմբի ասուլիսում, այնպես էլ ստորագրահավաքի տեքստում քննադատության թիրախը Էրդողանի կառավարությունն է: Հենց նա է մեղադրվում թուրքահայ համայնքին նոր պատրիարք ընտրելու իրավունքից զրկելու մեջ: Պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը, ինչ խոսք, մեղադրանքների հասցեատերը չէ, սակայն Արամ արք. Աթեշյանին ընտրելով տեղապահՙ պատճառ է դարձել ոչ միայն կառավարությանը հասցեագրված քննադատությունների, այլեւ նոր պատրիարքի ընտրության հարցի շուրջը համայնքում ավելորդ կրքեր բորբոքելու եւ համայնքը մասնատման շեմին կանգնեցնելու համար:
Թվում էր, թե ստեղծված իրավիճակում պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը կամ պատրիարքի տեղապահը կգիտակցեն համայնքի առջեւ իրենց պատասխանատվությունն ու բացատրություն տալու կարիք կզգան: Սակայն Արամ արք. Աթեշյանը մերժել է նախաձեռնող խմբի հանդիպման խնդրանքը, իսկ պատրիարքարանի հոգեւոր խորհրդի փոխարեն ասպարեզ է իջել «Հայթերթ» կայքէջը, ընդ որում ոչ թե պարզաբանումներ տալու, այլ Էրդողանի կառավարությանը հասցեագրված մեղադրանքները հերքելու համար, ստանձնելով դատապաշտպանի յուրահատուկ դեր:
Սա նշանակում է, որ կառավարության թուրքահայ համայնքի պատրիարք ընտրելու իրավունքը ոտնահարող ձեռնարկումը միանգամայն համապատասխանում է Արամ արք. Աթեշյանի միանձնյա ենթակայության տակ գտնվող հոգեւոր խորհրդի տրամադրություններին, իսկ վերջինի կամակատար «Հայթերթը» կառավարությանն արդարացնելիս, ակամա խոստովանում է է, որ պատրիարքի տեղապահի ընտրությունը ոչ այլ ինչ էր, քան Էրդողանի կառավարության հետ Կ. Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախապես ձեռք բերած փոխհամաձայնության արդյունք:
Ահա թե ինչ է գրել «Հայթերթը» «Սթարի» հրապարակումը ընթերցողին ներկայացնելիս. «Պատրիարքի ընտրության մեր իրավունքի ոտնահարման պնդումները մոլորեցնող են: Ե՛վ ներքին գործերի նախարարը, ե՛ւ հոգեւոր խորհուրդը հայտարարել են, որ պատրիարքական ընտրությունները անցկացվելու են այնպես, ինչպես նախկինում անցկացվել են: Պարզապես չի թույլատրվել աթոռակից պատրիարքի ընտրությունը, իսկ դա ամենեւին էլ պատրիարք ընտրելու իրավունքի ոտնահարում չի նշանակում»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: