Tuesday, December 7, 2010

Սերժ Սարգսյանն ու Գորիկ Հակոբյանը չեն հերքել Հայաստանից Իրան զենքի փոխադրման մասին լուրը. Wikileaks

Tert.am. 7-12-2010- Հրապարակվել են Wikileaks-ի բացահայտած ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերում տեղ գտած Հայաստանին վերաբերող որոշ տեղեկությունների մանրամասներ։
Մարի Յովանովիչի ուղարկած նամակում խոսվում է ամերիկյան կողմի՝ 2009թ. հունվարի 14–ին Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի հետ ունեցած առանձին հանդիպումների մասին, որոնք փաստաթղթում որակվում են որպես «դրական և կառուցողական»։
Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ժամանակ Սարգսյանը խոստովանել է, որ Բուլղարիայից զենք է գնվել, միևնույն ժամանակ թե Սարգսյանը և թե Հակոբյանը չեն հերքել ամերիկյան կողմի ներկայացրած տեղեկությունն առ այն, որ այդ զենքերը հետագայում փոխադրվել են Իրան։ Սարգսյանն ու Հակոբյանը պատրաստակամություն են հայտնել հետաքննություն անցկացնել՝պարզելու համար, թե ինչպես են այդ զենքերը հասել Իրան, ապա նաև՝ Իրաք։ Փաստաթղթում նշվում է, որ այդ Բուլարիայից ձեռք բերված զենքի որոշ մասը հետագայում Իրաքում օգտագործվել է ահաբեկչական գործողությունների իրականացման համար, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինվորներ։
Հակոբյանը հանդիպման ժամանակ տեսակետ է հայտնել, որ դա բուլղարացիների և, հավանաբար, առանց պաշտոնական թույլտվության, ինքնակամ գործող հայերի ձեռքի գործն է։
Ամերիկացի դիվանագետ Դոնալդ Մահլին և նրա պատվիրակությունը հանդիպման ժամանակ հայկական կողմին են ներկայացրել փաստաթղթեր, որոնք հաստատում են Հայաստանի և Իրանի միջև նման գործարքի իրականացման փաստը։ Մահլին նաև խոսել է հնարավոր պատժամիջոցների մասին և ասել, որ ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ նման բան այլևս չի կրկնվի։

No comments: