Tuesday, January 25, 2011

Տրապիզոնի դատախազությունը հրաժարվել է Դինքի գործով Տրապիզոնի անվտանգության ուժերի դեմ հետաքննություն սկսել

News.am. 25-1-2011- Ռիզեյի ծանր հանցագործություննեի գծով դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով Տրապիզոնի ոստիկանության եւ ժանդարմերիայի ծառայողների դեմ հետաքննություն անցկացնելու պահանջ է ներկայացրել, սակայն Տրապիզոնի գլխավոր դատախազությունը մերժել է այն։
Հրանտ Դինքի փաստաբանները մեկ տարի առաջ Հրանտ Դինքի սպանության մեջ պատասխանատու բոլոր անվտագության աշխատակիցների եւ ծառայողների նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջ ներկայացրեցին, որը մերժվեց Տրապիզոնի գլխավոր դատախազության կողմից՝ պատճառաբանությամբ, թե ժանդարմերիայի ծառայողների նկատմամբ հետաքննություն ընթանում է եւ ոստիկանությանը եւս հետաքննելու կարիք չկա։ Որից հետո Դինքի փաստաբանները դիմեցին ամենամոտ՝ Ռիզեյի ծանր հանցագործությունների գծով դատարան։ Ռիզեյի դատարանը ընդունել է փաստաբանների պահանջը եւ Լեւենթ Յարըմելից եւ Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի տնօրեն Ռեշաթ Ալթայից մանրամասն հարցաքննության պահանջով դոսյեն ուղարկել Տրապիզոն։
Սակայն Տրապիզոնի դատախազությունը փաստերի պակասի պատճառաբանությամբ հետ է վերադարձրել դոսյեն Ռիզեյի դատարան` թույլտվություն չտալով հետաքննություն սկսել հիշյալ անձանց նկատմամբ։

No comments: