Saturday, January 15, 2011

Կայացել է հայ-կիպրական հանձնաժողովի առաջին նիստը

Երեւանում հունվարի 13-14-ին տեղի է ունեցել տնտեսական, արդյունաբերական եւ տեխնոլոգիական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը ղեկավարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, կիպրական պատվիրակությունը` Կիպրոսի Ծրագրավորման բյուրոյի մշտական քարտուղար Գեորգե Գեորգիուն:
Նիստի ընթացքում կողմերը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանի եւ Կիպրոսի տնտեսությունների արդի վիճակի, ինչպես նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ:
ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց կիպրացի գործընկերների հետ հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ըստ առանձին ոլորտների, այդ թվում` բարձր տեխնոլոգիաները, առողջապահությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, կրթությունը, մշակույթը:
Նիստի աշխատանքների ավարտին երկու պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են հայ-կիպրական միջկառավարական նիստի ամփոփիչ արձանագրությունը, որտեղ նախանշվեցին վերոնշյալ բնագավառներում երկկողմ համագործակցության ուղիները:
Նիստի արդյունքում որոշվել է հաջորդ հանդիպումն անցկացնել Նիկոսիայում:

No comments: