Sunday, January 16, 2011

ԻՍԿ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԲՂԱՎԵԼ

Ավարտվեց 21-րդ դարի առաջին տասնամյակը:
Պատմություն դարձավ նաև 2010-ը՝ տարի որը լի էր հասարակական և քաղաքական վերիվայրումներով՝ միջազգային, շրջանային և հայկական ասպարեզներում:
Մեր համայնքը դրական երևույթների կողքին ականատեսը եղավ նաև բացասական լուրջ հարցերի, որոնք լուծում չստանալու դեպքում, կարող են մեզ կանգնեցնել էլ ավելի բարդ իրադրությունների առջև:
Ներհամայնքային կյանքում «վերադասավորման» ու «օպտիմալացման» ախտով տառապող կուսակցական «ազգային իշխանիկները»կրթամակարդակի զարգացման մասին մտահոգվելու փոխարեն, մեկը մյուսի հետևից փակում են հայոց ազգային դպրոցները, որոնց շարքում վերջինը եղավ «Ռոստոմ» աղջ. դպրոցը: Նույն ժամանակահատվածում ավելի բարձրացավ ոչ հայկական դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվը:
Իսկ դատա-իրավական դաշտում «տանուլ տվինք», սրանից հինգ տարի առաջ, «Արարատ» մարզավանի դռան դիմաց, անարգ ոճրի զոհ դարձած 14-ամյա Միրո Բեգիջանյանի դատը՝ խտրական օրենքի, փաստաբանների անհավասար մրցակցության և ամենակարևորը՝ Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությանց և ի մասնավորի հայ պատգամավորների անգործունեության արդյունքում:
Եթե դպրոցների փակման հարցը աշակերտության թվի նոսրացման «պատճառաբանությամբ» հաջողում են ինչ-որ կերպ բացատրել, ապա ոչ մի կերպ չի կարելի արդարացնել Միրոյի դատավարության արդյունքը՝ Թեհրանի 113-րդ քրեական դատարանը Միրոյի սպանողներին դատապարտել է արյան գնի հատուցման և միայն 3 տարվա ազատազրկման:
ԻԻՀ Իսլամական Քրեական օրենսգրքի՝ երրորդ գրքի, Ա գլխի, առաջին բաժնի 206-ից 211-րդ հոդվածները վերաբերում են «ղեսասին»՝ սպանության դիմաց հատուցման: Նույն բաժնի 208-րդ հոդվածում ասված է. «Ով որ սպանություն գործի և հայցվոր չունենա, կամ հայցվոր ունենա, սակայն ների նրան՝ հատուցում չպահանջի, և իր արարքը հասարակության անդորրը խախտի և սարսափի մթնոլորտ ստեղծի և կամ իր և այլոց մոտ նման հանցանքի տարածման մտահոգություն առաջացնի, պատժվում է ազատազրկմամբ 3-ից 10-ը տարվա ժամկետով»:
Իսկ ծանոթագրության մեջ հավելված է. «Նման դեպքում, սպանության մեջ գործակցողը մեկից հինգ տարվա ժամկետով ազատազրկման է դատապարտվում»:
Այսինքն դատավորը, ըստ օրենքի պարտավոր է առնվազն երեքամյա ազատազրկման դատապարտել հանցագործին, նույնիսկ եթե տուժողը զուրկ լինի պաշտպանից և հարազատներից:
Այդ դեպքում հարց է առաջանում՝ Ինչու՞ հինգ տարի ձգձգվեց այս դատը, ի՞նչ էր անում դատապաշտպանը, ինչու՞ էին առաջնորդարանից քահանաներ և աշխարհիկ ներկայացուցիչներ մասնակցում դատավարության նիստերին և ամենից կարևորը՝ իրանահայության զույգ պատգամավորները ինչ էին անում Իսլամական խորհրդարանում:
Արդյո՞ք այդ բոլորը կատարվում էր միայն տուժող կողմին մխիթարելու, թե պարզապես դատավարությանը դիտորդի դեր ստանձնելու համար, որպեսզի վերջում էլ փսփսալով ասեն. «Ինչ արած, էսա որ կա, իրենց երկիրն ա, ինչ ուզում անում են»…
Իսկ ես ուզում եմ բղավել, և որքան հնարավոր է բարձր ձայնով, որ ես՝ Իրանի հայ քաղաքացիս, սիրում եմ իմ ծննդավայր երկիրը. այս երկրի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելու համար իմ պապերի ու եղբայրների արյունն է նվիրաբերվել, իմ նախնիներն ու ժամանակակից իրանահայերը քրտինք են թափել այս երկիրը շենացնելու համար: Մենք մեր արժանավոր ներդրումն ենք ունեցել Իրանի գիտության, մշակույթի, արհեստի, արվեստի և ճարտարարվեստի զարգացման մեջ: Ուստիև իմ՝ հայ մարդուս, անվիճելի և անառարկելի իրավունքն է, որպես Իրանի լիիրավ քաղաքացի, հավասար կերպով պաշտպանվել և օգտվել այս երկրի բոլոր բարիքներից և ինչպես ԻԻՀ Սահմանդրության 3-րդ հոդվածի 9-րդ կետում է շեշտված պահանջում եմ՝ «Անտեղի խտրականությունների վերացում և բոլորի համար արդարացի պայմանների ապահովում» ու նաև նույն հոդվածի 14-րդ կետի համաձայն՝  «… բոլորի համար արդարության և օրենքի առջև իրավահավասարության ապահովում»:
Պահանջում եմ, և իրավունք եմ վերապահում ինձ պահանջելու, քանզի ես թափառաշրջիկ ու քոչվոր ազգի զավակ չեմ: Ես այս երկիրը օտար չեմ համարել ու նրան վերաբերվել եմ ինչպես իմ սեփական երկիրը, թեև դարերի ընթացքում միշտ չէ, որ ճիշտ է գնահատվել իմ ներդրումը և ինչ-ինչ պատճառներով ոտնահարվել է իմ բնական և ամենատարրական իրավունքները: Սակայն ես դիմացել եմ, ու դիմացել եմ այն համոզումով և հույսով, որ մի օր այս երկրում օրենքի առջեւ հավասարության սկզբունքը պիտի սկսի աշխատել և Իրանի բոլոր քաղաքացիները օրենքի առջեւ պիտի լինեն հավասար և քրեական պատասխանատվության կանչվեն նույն սկզբունքով՝ անկախ սեռից, ցեղից՝ (ռասայից), մաշկի գույնից, լեզվից, կրոնից, դավանանքից և այլևայլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային և կրոնական փոքրամասնությանը պատկանելուց կամ չպատկանելուց և բոլոր այլ դրություններից, որոնք կարող են անհատին տարբերել մեծամասնությունից կամ հասարակության որոշ հատվածից:
Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, ինչպես ողջ երկրում, նույնպես և հայկական համայնքում դադարեց միաբևեռ և ճահճային իրավիճակը՝ ծաղկեցին հայացքներ, ծնվեց բազմազանություն, հիմնվեցին միություններ, կազմակերպություններ և ամենակարևորը` մամուլ: Քաղաքական և հասարակական զարգացման մեծ հույսեր էր փայփայվում, սակայն, դժբախտաբար, այնքան մեզ մոլորեցրին «քաղաքական խաղերով», որ տանուլ տվինք և մոռացանք տեր կանգնել մեր սոցիալական և համայնքային իրավունքներին: Իրանահայ իրարահաջորդ պատգամավորները, որպես «ազնիվ ու հնազանդ քաղաքացիներ» մասնակցեցին Իսլամական խորհրդարանի բոլոր շրջանների նիստերին ու երեսուն տարի` առանց ընդմիջումի միայն իրենց խմբակային շահերի հետևից վազեցին: Արդյունքում՝ Միրոյի դատարանում դատավորը հայտարարում է մուսուլման-ոչ մուսուլման ԱՆՀԱՎԱՍԱՐ դրույթի մասին, ինչի համար դատավորը` ինքը չէ որ պատասխանատու է, այլ երկրի օրենսդիր մարմինը և ամենից առաջ խորհրդարանի հայ պատգամավորները:
Ուստի պարզ հարց է առաջանում. Եթե Միրոյի ընտանիքը դատապաշտպան չունենալու դեպքում ևս նույն արդյունքին պիտի հասներ, այն էլ հինգ տարի դատական քաշքշուկից հետո, այդ դեպքում մեր ինչի՞ն են պետք Իսլ. խորհրդարանի հայ պատգամավորները…
Մովսես Քեշիշյան
«Արաքս» թիվ 203

No comments: