Sunday, January 16, 2011

Հետախույզների անիմաստ փնտրտուք, «փոթորիկների» մեջ

2010թ. վերջին ամիսներին հայկական մամուլի, մանավանդ էլեկտրոնային մամուլի, էջերում շատ արծարծվեց իրանահայ ազգային բարերար և գործարար Լևոն Ահարոնյանի ու նրա «Փոթորկոտ կյանքիս օրերը» գրքի անունը: Բայցև այդուհանդերձ, մենք նպատակ չունեինք շոշափել այդ հարցը և եթե խնդիրն այնքան չխորանար, ինչի արդյունքում որոշ մարդիկ խախտելով պարզ էտիկայի նորմերը երկխոսությունից անցնելով հասան անհարգալից վերաբերմունքի և նույնիսկ մինչև ազդարարության, ընդհանրապես, չէինք գրելու այդ մասին: Սակայն հարցի խորացումն ի տես, լռությունն արդեն մեղք նկատելով պարտք համարեցինք որոշ բացատրություններով հանդես գալª հանուն մեր համայնքի գերագույն շահերի:
Մեր կարծիքով՝ Լևոն Ահարոնյանի գիրքը ինչպես ինքն է նաև մեկ-մեկ շեշտում, իր անձնական և իր համար վստահելի որոշ անձանց հուշերից բաղկացած հավաքածու է, որն բնականաբար չի կարող պատմա-փաստագրական հիմք ծառայել:
Սակայն, հարկ է ընդգծել նաև, որ համայնքային հասարակական գործիչների անձնական հուշերն, երբ նրանցում խոսվում է իրենց ժամանակաշրջանի անցուդարձերից, սովորաբար ընդունում է քաղաքական երանգ և, ինքնաբերաբար, արդեն անձնական համարվել չի կարող, որովհետև նրանք հասարակական հնչեղություն և ազդեցություն են ունեցել ժամանակին և ցանկացած կողմ իր հատուկ չափանիշներով է մոտենում նրանց:
Անձնական կյանքի մասին խոսելիս կարելի է մոռանալ բացասական ու դրական շատ դեպքեր, իսկ հասարակական կյանքում նման եղելությանց մոռացության մատնելը քաղաքական որոշակի նշանակություն է ստանում, որը կարող է համարվել, որպես կողմակալություն: Այլ խոսքով, դրանք շատ անգամ կարող են ընդունվել ոչ թե որպես մոռացություն, այլ շահարկված ուրացում:
Ուստի կարծում ենք նաև բոլորի բնական իրավունքն է ցանկացած գրքի նկատմամբ գնահատական տալը, իսկ ճիշտ գնահատող, քննադատող և վերլուծություն կատարողի նկատմամբ ամենից առաջ հենց հեղինակի երախտապարտ վերաբերումը կլիներ ցանկալի և ուսանելի, ինչը դժբախտաբար չպատահեց պրն. Ահարոնյանի գրքի առնչությամբ: Նույնպես դրական ներգործություն չունեցան Անդրանիկ Սիմոնյանիª ոչ ամբողջական, Լևոն Ահարոնյանի և Վահագն Հակոբյանցի հահոյախառն ու մանավանդ Արմինե Մելիք-Իսրայելյանի անպատասխանատու գրությունները, որոնք եթե ճիշտ ընթացք ընդունեին, ինչպես կիրառել էին Հրաչ Միրզախանյանն ու Արմավիր Մարգարյանը երևի բավական օգտավետ երկխոսություն կարող էր ընթանալ կողմերի միջև և վստահաբար նույնիսկ պահպանողականության գրկում ճոճվող մարդիկ կհասկանային, որ եղածի կողքից լուռ անցնելով որևէ բան չեն շահելու:
Հավելենք նաև, որ անձնական հուշերի գրառումն ու տպագրության հանձնելը բոլորի, այդ շարքում նաև պարոն Լևոն Ահարոնյանի, անկապտելի իրավունքն է: Սակայն երբ հարցերը անձնականից տեղափոխվում են հասարակական դաշտ այդ դեպքում որոշակի կամ ընդհանուր հարցերի շուրջ գնահատական տալը և վերլուծություն կատարելը չի համարվում հուշագրություն, մանավանդ երբ նրանում հատուկ անձինք և կառույցներ ինչ-որ կերպ հարցականի տակ են դրվում: Այդ և նման դեպքերում հարցականի տակ դրված կողմի` անհատի կամ կառույցի, համար պատասխանելու կամ պաշտպանվելու անառարկելի ինրավունք է առաջանում, ինչը անհնար է անտեսել կամ ոտնահարել ցանկացած մեթոդաբանությամբ:
Համենայնդեպս ինչպես նշեցինք 1535 էջանոց ծավալուն գրքի հեղինակի համար ընդամենը 35 էջանոց քննադատությունը կարելի է հաջողություն համարել, որը շատ անգամ չի պատահում համայնքիս կյանքում, ի մասնավորի պարոն Ահարոնյանի համար, ով այսօր հայ մամուլի ընտանիքում ոչ միայն որպես ազգային բարերար է ճանաչված, այլ նաև որպես մամուլի գործիչ` ՙՅոյս՚ երկշաբաթաթերթի արտոնատեր:
Մեր կողմից, ավելորդ ենք համարում զբաղվել, պիտակավորումների և այն վերագրումների հույլին, որ անհարիր են արտերկրի հնագույն համայնքի` իրանահայության կյանքին, մանավանդ, որ ոչ Լևոն Ահարոնյանը և ոչ Հրաչ Միրզախանյանը շարքային կուսակցականներ չեն և հայացքների տարբերությամբ հանդերձ զերծ են մոլեռանդությունից և նեղմտությունից, ուստի պետք չէ ընկել CIA-ի կամ KGB-ի հետախույզներ գտնելու անիմաստ փնտրտուքի մեջ, այլ ընդհակառակը, այս աշխատությամբ ստեղծված հարմար առիթը պետք է օգտագործելով ընդհանուր եզրակացությունների գալ իրանահայ պատմության վերջին հարյուրամյակի առնչությամբ:
Իրանահայ համայնքում տասնյակ հայ մարդ է զոհվել թիրախ դառնալով, կույր տրամաբանությամբ, զգացմունքներով և երևակայությամբ առաջնորդվող, ուստի և հեշտությամբ օտար ազդեցությունների ենթակա դարձող շրջանակի կողմից: Նման իրադրության մեջ, գրիչը պետք է շարժել զգոն և պատասխանատու, չթարմացնել կոտտացող վերքերը, որպեսզի իշխի տրամաբանությունը և նահանջի վրեժի զգացումը:

«Արաքս» թիվ 203

No comments: