Saturday, January 15, 2011

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է»

Ինչպես ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի վերաբերյալ ընդունած որոշումից հետո
«ԱԶԳ», 15-01-2011- Ամեն անգամ, երբ աշխարհի որեւէ կետում միջազգային հանրության լիակատար աջակցությամբ իրավաբանական կարգավիճակ է ստանում որեւէ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հարեւան Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները (այսինքն` գրեթե բոլորը) մեկ մարդու պես լռում են: Այս պատկերն էր անցյալ տարի, երբ ՄԱԿ-ի միջազգային դատարանը, սահմանելով, որ «երկրների տարածքային ամբողջականությունը վերաբերում է բացառապես միջպետական հարաբերություններին, այդ սկզբունքը կոչված է պետությանը պաշտպանելու այլ պետության զինված ներխուժումից, եւ անկարելի է կիրառել` սեփական տարածքում ինքնորոշված ժողովրդի դեմ», մերժեց Սերբիայի հայցն ընդդեմ ինքնորոշված ու արդեն դե յուրե անկախ Կոսովոյի: Ադրբեջանի լրատվամիջոցները, եթե գրում էին այս թեմայով, ապա միայն հետեւյալ խորագրերով` «Սերբիան չի համաձայնի Կոսովոյի անկախությանը»: Նույն պատկերն է նաեւ այս օրերին. երեկ երեկոյան տվյալներով ադրբեջանական «առաջատար» կայքերը, որեւէ կերպ չէին անդրադարձել Հարավային Սուդանի հանրաքվեին, որով, հիշեցնենք, աֆրիկյան ամենամեծ երկրի հարավի քրիստոնյա ժողովուրդը անկախանում է հյուսիսից: Ի դեպ, համաձայն սուդանյան հանրաքվեի նախնական տվյալների` հանրաքվեին մասնակցած հարավի բնակչության 60 տոկոսը անկախությանն ասել է «այո»:
Ադրբեջանական այս լռությունը ամենեւին էլ պատահական չէ. ամանորյա իր ամփոփումում Իլհամ Ալիեւը անձամբ հերթական անգամ «փայլելով պատմագիտական իր խոր գիտելիքներով»` «բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի` Իրեվանի ու Զանգեզուրի վրա, ու այժմ թույլ չենք տա, որ հայերը երկրորդ պետությունը ստեղծեն բուն ադրբեջանական Ղարաբաղում», ասել էր. «Ադրբեջանը հետ կբերի իր հողերը ամեն գնով ու այս առումով պատրաստ է յուրաքանչյուր ճանապարհի: Վստահեցնում եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչած միջազգային հանրությունը մեզ հետ է»: Հիմա, փաստորեն, հարեւան երկրում պետք է բացատրեն սեփական ժողովրդին, թե այդ ինչպես է միջազգային հանրությունը իրենց հետ, երբ ակնհայտորեն նույն այդ հանրության ճնշումներով Հյուսիսային Սուդանը համաձայնեց հարավին տալ հանրաքվեի իրավունք, այն էլ բացառապես անկախության ձգտող ժողովրդի տարածքում: Ամեն ինչի համար Ալիեւ կրտսերի «գրավոր կամ բանավոր» համաձայնությանը սպասող ադրբեջանական ԶԼՄ-ները պետք է բացատրեն նաեւ, թե որ միակ ճանապարհը գոյություն ունի` էթնիկ վեճերը լուծելու համար, որքանո՞վ է երկրի տարածքային ամբողջականությունը զսպաշապիկ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներից` ազգերի ինքնորոշման համար եւ այլն, եւ բազմաթիվ այլ բաներ: Հենց այս ամենի պատճառով էլ Ադրբեջանում լռություն է, մանավանդ որ պաշտոնական Խարթումն էլ (Սուդանի հյուսիսի մայրաքաղաքը) արդեն իսկ հայտարարել է. «Մենք կընդունենք հարավի հանրաքվեի յուրաքանչյուր արդյունք»: Միակ հետաքրքական հայտարարությունը, որը հնչել է երեկ հարեւան երկրում, հեղինակել է Եվրոմիության հանձնաժողովի նախագահ Բարոզուն: Եվրոպացի դիվանագետի խոսքերը մեջբերող ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը չի գրում, թե հատկապես որ հարցին է Բարոզուն պատասխանել հետեւյալ կերպ. «Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, դա խիստ կարեւոր է»: Ինչեւէ, թողնենք ադրբեջանական պետությանը իր պարտավորությունների հետ եւ նշենք, թե ինչպես են մեկնաբանում սուդանյան հանրաքվեն օտարերկրացի փորձագետները եւ արդյո՞ք համարում են նախադեպ` ԼՂ հիմնահարցի լուծման համար:
Panorama.am-ին հարցազրույց է տվել ռուսաստանյան հեղինակավոր Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Արեշեւը, ըստ որի. «Հարավային Սուդանի պարագան ԼՂ հարցում միանշանակ դրական պետք է դիտարկել: Տեսեք` Սուդանի պարագայում ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի դիքորոշումները համընկան ու հերթական անգամ աշխարհը ականատեսը եղավ փաստի` թե ինչպե՞ս կարող է լինել արդի էթնիկ բնույթ կրող համակարտության միակ հնարավոր լուծումը»:
Մյուս կողմից, սակայն, ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի` «Հայաստանը չի կարող օգտվել Սուդանի նախադեպից, քանի որ չունի նախադեպերից օգտվելու փորձ»:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր հերթին երեկ կայացած ասուլիսում ընդգծեց. «ԼՂ հիմնահարցի լուծման համար Սուդանն ընդամենը վերջին նախադեպն է. ՄԱԿ-ի անդամ 190 պետություններն էլ կարող են նախադեպ լինել ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում»: Այսպիսով հույս ունենանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Կոսովոյի անկախությունը ճանաչած, սակայն Աբխազիայինն ու Հարավային Օսիայինը չճանաչած ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ վերջին երկուսի անկախությունը ճանաչած, բայց Կոսովոյինը չճանաչած Ռուսաստանը, միասնական դիրքորոշումը դրսեւորելով Հարավային Սուդանի ինքնորոշվող ժողովրդի առումովՙ նույնը կանեն նաեւ Ղարաբաղի պարագայում` առաջարկելով, իսկ ոմանց անգամ պարտադրելով «էթնիկ բնույթ կրող հակամարտության միակ հնարավոր լուծումը արդի աշխարհում»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: