Wednesday, January 5, 2011

Ամենավտանգավոր երկրները

«ՀԵՏՔ» 5-1-2011- 2010 թ. աշխարհում սպանվել է 57 լրագրող: Այս ցուցանիշը 25 %-ով ցածր է 2009-ի ցուցանիշից, երբ 76 լրագրող սպանվեց: 2010-ին առևանգվել է 51 լրագրող, ձերբակալվել 535-ը: Տարվա ընթացքում ֆիզիկական հարձակման է ենթարկվել կամ սպառնալիքներ ստացել 1374 լրագրող: Իր երկիրը ստիպված է եղել լքել 127 լրագրող: Գրաքննվել է 504 լրատվամիջոց:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ վերջին տարիներին պատերազմական տարածքներում ավելի քիչ լրագրողներ են սպանվում: Սակայն միաժամանակ ավելի ու ավելի դժվար է դառնում բացահայտել նրանց, ովքեր պատասխանատու են այն դեպքերի համար, երբ լրագրողները սպանվում են ավազակախմբերի, զինված խմբավորումերի, կրոնական կազմակերպությունների կամ պետական գործակալների կողմից:
ԶԼՄ-ների աշխատակիցներն ամենից շատ սպանվում են տարբեր տեսակի հանցագործների և թրաֆիքյորների կողմից: Կազմակերպված հանցավոր խմբերը և գրոհայիններն ամբողջ աշխարհում լրագրողների հիմնական մարդասպաններն են:
2010 թ. լրագրողները սպանվել են աշխարհի 25 երկրում, ինչը երկրների քանակի առումով ամենամեծ ցուցանիշն է այն ժամանակից ի վեր, ինչ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հավաքում է այս տեղեկատվությունը: Այս 25 երկրի գրեթե 30 %-ը` 7-ը, աֆրիկյան երկրներ են (Անգոլա, Կամերուն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Նիգեր, Ռուանդա, Սոմալի և Ուգանդա):
Սակայն ամենասարսափելի աշխարհամասն այս տեսանկյունից Ասիան է, որտեղ 2010-ին գրանցվել է լրագրողների սպանության 20 դեպք: Ասիայի այս ցուցանիշն «ապահովում է» Պակիստանը, որտեղ 2010-ին սպանվել է 11 լրագրող: Այս լրագրողները դարձել են իսլամիստական խմբերի կամ մահապարտ ահաբեկիչների պայթյունների զոհերը:
2010 թ. զոհված լրագրողներից երկուսը սպանվել է Եվրամիության երկրներում` Հունաստանում և Լատվիայում:
Այն 67 երկրից, որտեղ վերջին 10 տարում լրագրողներ են սպանվել, 8-ում իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Այդ 8 երկրներն են Աֆղանստանը, Կոլումբիան, Իրաքը, Մեքսիկան, Պակիստանը, Ֆիլիպինները, Ռուսաստանը և Սոմալին: Այս երկրներում մամուլի նկատմամբ բռնության մշակույթը խոր արմատներ ունի: Վերջին տասնամյակում Պակիստանը, Իրաքը և Մեքսիկան լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն են:
2010-ին զգալիորեն ավելացել են լրագրողների առևանգման դեպքերը: Եթե 2008-ին առևանգվել է 29, 2009-ին` 33 լրագրող, ապա 2010-ին նրանց թիվը հասել է 51-ի: Լրագրողներին ավելի ու ավելի քիչ են դիտարկում որպես չեզոք դիտորդներ, և նրանց չեզոքությունն ու աշխատանքի բնույթն այլևս չեն հարգում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ 2010 թ.-ն առաջին տարին է, երբ որևէ աշխարհամաս չի կարողացել զերծ մնալ լրագրողների առևանգումից:
Առևանգիչները պատանդ են վերցնում լրագրողներին, որպեսզի ֆինանսավորում ստանան իրենց քրեական գործունեության համար, կառավարություններին ստիպեն կատարել իրենց պահանջները և որոշակի հաղորդագրություն ուղարկեն հասարակությանը: 2010-ին այս վտանգը հատկապես առավել սուր է եղել Աֆղանստանում և Նիգերում: 2009 թ. դեկտեմբերի 29-ին Աֆղանստանում ֆրանսիացի երկու հեռուստալրագրողի և նրանց երեք աֆղանստանցի օգնականների գերեվարումն ամենաերկարատև առևանգումն է ֆրանսիական ԶԼՄ-ների պատմության մեջ` սկսած 1980-ականների վերջերից:
Ինչպես լրագրողների սպանությունները, այնպես էլ առևանգումները կանխելու հարցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն առաջնային դեր է հատկացնում պետությունների աշխատանքին:
2010 թ. շատ լրագրողներ լքել են իրենց երկիրը` բռնաճնշումներից ազատվելու նպատակով: Ընդհանուր առմամբ 2010-ին իր հայրենիքն է լքել 127 լրագրող աշխարհի 23 երկրից: Երկրորդ տարին շարունակ առաջատարն Իրանն է, որտեղ արձանագրվել է 30 դեպք: Էրիթրեայից և Սոմալիից անցյալ տարի հեռացել է 15 լրագրող: Հայրենիքը հարկադրված է եղել լքել 18 կուբացի լրագրող: Նրանք բանտարկված էին 2003-ի մարտից և ազատ արձակվեցին պայմանով, որ անհապաղ կմեկնեն Իսպանիա:

No comments: