ԱՄՆ վերջին 15 տարիներին փորձում է կազմակերպել Իրանի գեոտնտեսական շրջափակումը, սակայն դա չէր ստացվում տարբեր պատճառներով: Նախ, ամերիկացիները մինչ այժմ չեն ընդունել բավականաչափ կոշտ պատժամիջոցներ: Երկրորդ, ԱՄՆ գործընկերները Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում չեն հետեւել ԱՄՆ գործողություններին, քանի որ չեն ցանկացել Իրանի հետ դիմակայության մեջ մտնել, եւ իրանական շուկան գրավիչ էր շատ պետությունների համար:Ներկայում, ԱՄՆ Իրանին շրջափակելու հարցում մոբիլիզացրել է Եվրոպայի, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ Մերձավոր Արեւելքի առաջատար երկրներին: Այս անգամ Իրանն իսկապես հայտնվել է ծանր վիճակում եւ փորձում է թույլ չտալ շրջափակման տեւականություն, որը կարող է հանգեցնել եթե ոչ աղետի, ապա բավական տխուր հետեւանքների:
Իրանը արեւմտյան երկրներին առաջարկել է պատժամիջոցների սահմանափակման կամ դրանք հանելու դիմաց վերսկսել իր միջուկային ծրագրի վերահսկողությունը, ինչպես նաեւ փորձում է շրջափակման մասնակիցներից բացառել հարեւան տարածաշրջանների պետություններին: Ինչ որ փուլում Իրանը բաց թողեց ժամանակը, չիրականացրեց շրջափակումը թույլ չտալու կանխիչ գործողություններ, նախեւառաջ՝ հարեւան եւ մոտիկ պետությունների մասով:
Պետք է նշել, որ ներկայիս փուլը հատկապես բարենպաստ չէ Իրանի տարածաշրջանային քաղաքականության համար, քանի որ ուժեղանում է դիմակայությունը Մերձավոր Արեւելքի երկրների հետ, Սիրիայի իրադարձությունների պատճառով: Բավական բարդ վիճակում է հայտնել Թուրքիան, որը լուրջ զիջումեր է արել ԱՄՆ-ին եւ փորձում է նրա հետ համաձայնեցնել քաղաքական գործողությունները: Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ էականորեն կրճատել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, քանի որ իրանական շուկան շատ կարեւոր է նրա համար:
Կենտրոնական Ասիայի երկրները նույնպես բացարձակապես շահագրգիռ չեն կրճատել Իրանի հետ առեւտրական հարաբերությունները: Սակայն, այս երկրներն այդքան էլ կարեւոր չեն Իրանի արտաքին առեւտրի համար:
Մերձավոր Արեւելքում Իրանի շրջափակման հարցում ԱՄՆ ամենահետեւողական գործընկերներն են Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի արաբական երկրները:
Այսպիսով, տնտեսական շրջափակման հարցով ամեն ինչ չէ, որ որոշված է, սակայն սպառնալիքներն ուժեղացել են:
Տվյալ իրավիճակում, Իրանի համար հատկապես կարեւոր են Հայաստանի հետ հարաբերությունները, որպես գործընկեր, որը կարող է կարեւոր նշանակություն ունենալ արտաքին աշխարհին հաղորդակցվելու հարցում, հատկապես եվրոպական ուղղությամբ, առավել եւս, որ Վրաստանը ավելի ու ավելի շահագրգիռ է դառնում Իրանի հետ համագործակցելու հարցում: Իանը ձգտելու է ամրապնդել ու ապահովել Հայաստանի հետ կապող ենթակառուցվածքների զարգացումը:
Ըստ ամենայնի, ԱՄՆ եւ նրա գործընկերները ըմբռնումով կվերաբերեն Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին, ինչպես նախկինում: Արեւմտյան հանրության համար, որը փորձում է տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, անիմաստ է հարվածել նրա տնտեսությանը, հատկապես ներկայիս իրավիճակում:
Միեւնույն ժամանակ, եթե Իրանին չհաջողվի սահմանափակել շրջափակման ճնշումը եւ հետ մղել պատժամիջոցները, Հայաստանը ստիպված կլինի բանակցություններ վարել ԱՄՆ եւ նրա գործընկերների հետ, Իրանի հետ հարաբերությունների հարցով: Չպետք է վախենալ նման խնդրից, ընդհակառակը, այս հանգամանքը կարող է Հայաստանի արտաքին քաղաքականությանը տալ նոր դինամիկա: Պարզապես, պետք է հասկանալ խնդիրը:
Ցուցադրելով Իրանի վերաբերյալ իր նպատակները, ԱՄՆ կցանկանար փաստարկներ ունենալ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների հետ հարաբերությունների համար, այդ պատճառով էլ պետք է ցանկացած հանգամանք դարձնել մեր առավելությունը:
Իգոր Մուրադյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment