Monday, January 10, 2011

Թուրքիան` քրիստոնյաների համար վտանգավոր երկրների ցուցակում

Open Doors միջազգային մարդասիրական կազմակերպությունը հրապարակել է 2011թ. «Քրիստոնյաների համար վտանգավոր երկրների» ցուցակը, որում տեղ է զբաղեցրել նաև Թուրքիան: Այս մասին տեղեկացնում է ANF գործակալությունը:
Open Doors-ի ցուցակը, որում տեղ են գտել 52 երկրներ, գլխավորում է Հյուսիսային Կորեան, որին հաջորդում են Իրանը, Աֆղանստանը, Սաուդյան Արաբիան և Սոմալին:
Նշելով, որ ներկա պահին ողջ աշխարհում ճնշումներ են իրականացվում 100 միլիոն քրիստոնայների դեմ` Open Doors-ն ընդգծում է, որ միակ երկիրը Չինաստանն է, որտեղ որոշակի դրական փոփոխություններ են նկատվում քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքում: Ըստ այդմ, Չինաստանը, որը Open Doors-ի 2010թ. ցուցակում զբաղեցնում էր 13-րդ հորիզոնականը, բարելավել է իր դիրքերը` հայտնվելով 16-րդ հորիզոնականում:
Իրանի համար նշվում է, որ այդ երկրում քրիստոնեական համայքներն ու կազմակերպությունները գտնվում են հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, և Թեհրանի կողմից շարունակվում են քրիստոնյաների ձերբակալությունները:
Քրիստոնյաների համար առավել անբարենպաստ պայմաններ են ստեղծվել Իրաքում: Open Doors-ը, հաշվի առնելով անցած տարվա հոկտեմբերին Բաղդադում 58 քրիստոնյաների սպանությունը, Իրաքին 17-րդ հորիզոնականից տեղափոխել է 8-րդ հորիզոնական:
Քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնությունների տեսանկյունից ետընթաց է նկատվում նաև Թուրքիայում, որը 35-րդ հորիզոնականից հայտնվել է 30-րդ հորիզոնականում:
Open Doors-ը, ուշադրություն հրավիրելով Թուրքիայում քրիստոնայների հանդեպ բացասական զարգացումների վրա, ընդգծում է, որ քրիստոնեական հավատքը թուրքական ազգայնականության հիմնական թիրախներից է:
«Թուրքիայում քրիստոնյաների հանդեպ որոշ քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կողմից լինչի դատաստան տեսնելու կոչեր են հնչում: Քրիստոնյաները հայտարարվում են որպես դավաճաններ: Նրանք իրավազուրկ են: Անգամ անձը հաստատող փաստաթղթերում չեն կարողանում ամրագրել իրենց կրոնը: Թուրքիայում քրիստոնյաների հանդեպ հարձակումներն ու ճնշումները հասել են մտահոգիչ չափերի»,- նշում է Open Doors-ը:

No comments: