Wednesday, January 5, 2011

Էրդողանի կուսակցության պատգամավորները ծեծել են թուրք լրագրողին

Tert.am. 5-1-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները բռունցքներով հարձակվել են թուրք լրագրող Թեմել Յ.-ի վրա:
Թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ: Էրդողանի ելույթից առաջ խորհրդարանականները նկատել են, որ իրենց կողքին նստած անձնավորությունը «յուրային» չէ: Պատգամավորները զգուշացրել են նրան անմիջապես լքել դահլիճը, սակայն լրագրողը համառել է` հայտարարելով.
«Իշխանությունը, անխոս, ազգինն է, և դուք ինձ այս աթոռից չեք կարող հանել»:
Թեմել Յ.-ի այս խոսքերից հետո պատգամավորները հարձակվել են նրա վրա և քաշքշելով ու բռունցքներով հարվածելով` լրագրողին դահլիճից դուրս են բերել:
Միջադեպից հետո հայտարարությամբ հանդես է եկել «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներից Սալիհ Քափուսուզը: Վերջինս տեղեկացրել է, որ Թեմել Յ.-ն ժամանակին «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:
Իսկ Թեմել Յ.-ն դահլիճից դուրս բերվելուց և ձերբակալվելուց հետո հայտարարել է, որ ինքը լրագրող է, աշխատում է տեղի թերթերից մեկում և լրագրողի վկայականի միջոցով միշտ ներկա է գտնվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության բոլոր նիստերին:

No comments: