«Լրագիր» 13-1-2011- Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 12-ին հայտարարել է, որ 2011 թվականին առաջին անգամ Հայաստանի տարածքում կներդրվի “արտերկրում գտնվող Հայաստանի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության ծրագրավորման, գնահատման և դիտարկման կարգը”։ Արթուր Բաղդասարյանն ասում է, որ այդպիսով երկիրն անցնում է «արտաքին քաղաքական ճակատում ծրագրավորված քաղաքականության իրականացման”։ «Այսինքն, յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության առջև կդրվեն կոնկրետ ծրագրեր՝ տվյալ երկրի առանձնահատկություններով պայմանավորված, կմշակվի հստակ ծրագիր և այդ ծրագրով մեր դիվանագիտական ներկայացուցչությունները կաշխատեն, նրանց աշխատանքը կդիտարկվի և սահմանված կարգով կներկայացվի», հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:
Այն, որ Հայաստանի արտերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը մեղմ ասած ունի վերանայման կարիք, թերեւս կասկածից վեր է: Բազմաթիվ քաջատեղյակ աղբյուրներ են տարբեր առիթներով գրել, որ արտերկրում Հայաստանի դեսպանների գերակշիռ մասը զբաղված է ընդամենը սեփական կյանքի բարեկեցությունը դասավորելով, սփյուռքի տեղի համայնքում բիզնես-հնարավորություններ, բիզնես-գործընկերներ փնտրելով:
Բայց արդյոք ծրագրավորումը փոխելու է իրավիճակը: Հազիվ թե: Դա ընդամենը ամպագոռգոռ հերթական բառերն են, որ Հայաստանի իշխանության որեւէ շուրթից դուրս է գալիս, այն հաշվարկով, որ հասարակությունը տեսնի, թե ահա այս ոլորտում էլ ձեռքը խփեցին սեղանին ու անցան գործի: Իրականում գործերը ծրագրավորումով չէ, որ արվում են: Գործերը արվում են նախ կոմպետենտ մասնագետներով: Տվյալ պարագայում, գործ պետք է անեն բանիմաց, հմուտ դիվանագետները: Հայաստանի արտասահմանյան դեսպաններից քանի՞սն են այդպիսի դիվանագետ:
Դիվանագիտությունը ծրագրավորում չէ, որ ծրագիրը տաս ու դիվանագետը աշխատի: Դիվանագետը խառատ չէ, որ պլանը տաս ու նա հաստոց տաշի: Դիվանագիտությունը պահանջում է մտքի ճկունություն, կյանքի ցանկացած իրավիճակին պատրաստ լինելու, ամեն իրավիճակում ինքզինքը տիրապետելու կարողություն: Միթե Հայաստանի իշխանությունը ծրագրավորելու է տվյալ երկրների վարքը, որտեղ աշխատում են Հայաստանի դեսպանները: Չէ որ դեսպանի աշխատանքը այդ երկրի վարքից է նաեւ մեծապես կախված, այդ երկրի վարքին համարժեք արձագանքն է նաեւ Հայաստանի դեսպանի աշխատանքը:
Ավելին, արտերկրում Հայաստանի դեսպանները թերեւս պետք է մեծապես թելադրեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դրա այս կամ այն մանեւրը: Նրանք պետք է Հայաստանի իշխանությանը հաղորդեն թարմ եւ օպերատիվ տեղեկություններ այս կամ այն երկրում տիրող տրամադրությունների, մտադրությունների, զարգացումների մասին: Խոսքն իհարկե լրտեսությանը չի վերաբերում, այլ պարզապես պարզ ինֆորմացիային, որպեսզի Երեւանում արտաքին քաղաքականություն մշակողները կարողանան հնարավորինս ամբողջական տիրապետել համաշխարհային իրավիճակին:
Դրա համար դեսպաններին ոչ թե ծրագրավորել է պետք, իսկ հետո գնահատական նշանակել, այլ պետք է նախ դեսպան նշանակել համապատասխան կարողությունների տեր անձանց: Դիվանագիտությունը միջնակարգ դպրոց չէ: Այն բավական հարաբերական ոլորտ է արդյունքի առումով: Հետեւաբար ավելի լավ է գործնական աշխատանք կատարել այդ ուղղությամբ, քան պոպուլիստական հայտարարություններ, թե սկսել ենք ծրագրավորել եւ գնահատել:
Մնում է, որ 2012 թվականից էլ ընդհանրապես ռոբոտների նշանակեն դեսպան, եւ երկիրն արդեն ծրագրավորված արտաքին քաղաքականությունից անցնի մեքենայացված արտաքին քաղաքականության: Էլ չասած այն մասին, որ հանկարծ ու խառնվեն ծրագրերը եւ ասենք Իրանում Հայաստանի դեսպանին տրված ծրագիրը ընկնի ասենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի ձեռքը, եւ նրանք սկսեն աշխատել այդ խառնված ծրագրերով: Այդ դեպքում երեւի թե Վիկիլիքսը խղճուկ իրարանցում կլինի այն համաշխարհային խառնաշփոթի համեմատ, որ կառաջացնի ծրագրերը խառնած Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment