Friday, January 21, 2011

Գորբաչովը հիասթափեցրել է Սադամ Հուսեյնին

Tert.am.20-1-2011- 1991թ. փետրվարի 24–ին, երբ ԱՄՆ–ն ռազմական արշավ սկսեց Իրաքի դեմ, Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը հայհոյանք ուղղեց իր սովետական գործընկեր Միխայիլ Գորբաչովի հասցեին, գրում է ամերիկյան The New York Times պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել Իրաքի նախագահի՝ 2003–ին հայտնաբերված արխիվի գաղտնազերծված հատվածը։
«Ավելի վաղ Հուսեյնն իր ԱԳ նախարարին գործուղել էր Մոսկվա՝ փորձելով վերջին պահին կանխել ցամաքային ռազմական գործողությունները։ Գորբաչովի ազդեցության ներքո Հուսեյնը 21 օրում Քուվեյթից դուրս բերեց իրաքյան զորքերը։ Բայց ԱՄՆ–ն, ըստ երևույթին, շարունակում էր նախապատրաստվել ցամաքային արշավի»,–ասվում է հոդվածում, որի բովանդակությունը փոխանցում է InoPressa.ru–ն։
Փետրվարի 24–ից մեկ օր առաջ Հուսեյնը Գորբաչովին նամակ էր գրել, որտեղ ասվում է. «Իրավիճակը վատթարանում է։ Մեր ժողովուրդը և բանակը տարակուսանքի մեջ են։ Մենք մեզ հարց ենք տալիս՝ ինչն է ավելի նշանակալի՝ ԽՍՀՄ առաջա՞րկը, թե՞ ամերիկացիների սպառնալիքները»։

Հուսեյնը իր վստահելի օգնականների հետ զրույցներում, սակայն, պակաս դիվանագիտորեն է արտահայտվել. նա Գորբաչովին «սրիկա» է անվանել՝ վստահեցնելով, որ կամ վերջինն այդքան էլ ազդեցիկ չէ, կամ էլ՝ չի ցանկացել կանգնեցնել Բուշին։
«Նա խաբել է մեզ. ես գիտեի, որ նա կդավաճանի մեզ»,–բացականչել է Իրաքի նախկին նախագահը։
Դեռևս գաղտնազերծված է Սադամ Հուսեյնի զրույցների արխիվի փոքր մասը, որը համարակալված է և պահպանվում է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանում։ Արխիվի ընդհանուր ծավալը մոտ 2300 ժամ ձայնագրություն է և միլիոնավոր էջեր տպագիր տեքստեր։

No comments: