Sunday, January 2, 2011

Թուրքիայում տարվա մարդ է ճանաչվել Հայոց ցեղասպանության մասին գրած խմբագիրը

News.am. 1-2-2010- Թուրքական Today’s Zaman պարբերականի խմբագիրները Taraf-ի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանին ընտրել են Today’s Zaman-ի տարվա մարդ: Թերթը գրում է, որ Ալթանը կենտրոնական դեր է խաղացել Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր ամենախոշոր բարեփոխման մեջ:
Ալթանը, որը մի քանի բեսթսելլերների հեղինակ է իր սյունյակում ընթերցողներին հիացնում է` օրվա քաղաքական հիմնախնդիրների մեկնաբանությունները ներկայացնելով գեղարվեստական արձակի ձեւով: Սակայն սրությունն ու հիմնավորվածությունն ունեն նաեւ հետեւանքներ, իսկ ոմանք այն աստիճան են ատում Ալթանին, որ նույնիսկ մահվան սպառնալիքներով եւ ատելության արտահայտությամբ նամակներ են ուղարկում: Ալթանն ու իր թերթն անվախ են ոչ միայն զինվորականների, այլեւ` երկրի կառավարության մասին գրելիս:
Ալթանը հայտնի գրող եւ նախկին պատգամավոր Չեթին Ալթանի որդին է: Չեթինը ժամանակին քաղաքական հայացքների համար նույնիսկ բանտում է նստել: Ալթանը մի անգամ պատմել է, որ մանկությունից հիշում է, թե ինչպես էր հայրն ամեն առավոտ աշխատանքի գնալուց առաջ գնում դատարան: Հայրը սովորեցրել է երեխաներին չդավաճանել ստեղծագործելուն եւ գրածի մեջ լինել ազնիվ ու անկեղծ:
2008-ին, երբ Ահմեթ Ալթանը հրապարակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Օ՜, իմ եղբայր» հոդվածը նրան Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով ներկայացվեց «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանք:
Ալթանի նման մարդիկ, որպես կանոն, հայրենիքում չեն պարգեւատրվում կյանքի ընթացքում: Սակայն, երբեմն, ճանաչումը գալիս է անհավանական տեղերից:
«Պետք է խելագար լինել, նման բան անելու համար»,- իր աշխատանքի մասին ասել է Ալթանը, երբ 2009-ին ստացավ «Շպարկասսե Լեյպցիգ» մեդիահիմնադրամի ԶԼՄ-ների ազատության եւ ապագայի մրցանակը:
«Մենք ցանկանում ենք խախտել ավանդույթը, որի համաձայն կյանքի օրոք չեն մեծարում Ալթանի նման մարդկանց: Մենք ընտրել ենք նրան Today’s Zaman-ի 2010 թվականի Տարվա մարդ` տաբուների հաղթահարման եւ նվաճումների համար»,- գրում է Today’s Zaman-ը:

No comments: