Monday, January 10, 2011

«ԱՐՑԱԽՈՒՄ ՇԱՏ ՀԵՇՏ Է ԱԶԳԻ ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԲԱՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ»

«Լրագիր» 10-1-2011- «Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը
Ադրբեջանական Turan գործակալությունը հարցազրույց է հրապարակել «Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանի հետ: Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» հայ-ադրբեջանական արդի հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Դրա նկարահանումներն այժմ ընթանում են Մոսկվայում:
Պրեմիերային առնչվող հարցին ի պատասխան, Մանուկյանը հայտնել է, որ կինոնկարը պատրաստ կլինի մայիսի վերջին: «Այդ ժամանակ էլ, Մոսկվայի կենտրոնական կինոդահլիճներից մեկում, կանցկացնենք գլխավոր պրեմիերան: Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը, ծրագրում ենք Ռուսաստանից, Հայաստանից և Ադրբեջանից բացի, «Ընդհատված երգի» պրեմիերան կազմակերպել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և բալկանյան մի շարք երկրների մեծ էկրաններին»:
Ադրբեջանական կինեմատոգրաֆիստների հետ համատեղ Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու մասին հարցին Արիկ Մանուկյանը պատասխանել է, որ նման առաջարկներ կքննարկի միայն Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման դեպքում:

Կինոնկարի ֆինանսավորման հետ կապված` Արիկ Մանուկյաը նշել է, որ սկզբում այն իրականացվում էր նկարահանող խմբի ղեկավարների` իր և գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի անձնական միջոցներով, սակայն ԶԼՄ-ների բուռն արձագանքի շնորհիվ նախագծով հետաքրքրվել են որոշ ներդրողներ, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում: «Լրացուցիչ ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են տարբեր արտասահմանյան երկրներում ֆիլմի պրեմիերաներն ու ցուցադրությունները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Մենք պատրաստ ենք դիտարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում»,- հայտարարել է նա:

Մանուկյանն ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում կոշտ քննադատության է ենթարկել ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ողջ թափով շարունակում են ֆիլմի վարկաբեկմանն ուղղված հերյուրանքի քարոզարշավը:

«Ադրբեջանական ԶԼՄ-ների մղումը` ամեն գնով նսեմացնել այն, ինչն իրականացվում է հայերի կողմից, ժամանակի ընթացքում հանգեցրել է նրան, որ այդ տեղեկատվական ռեսուրսները դադարել են ընկալվել որպես նշանակության արժանի վերլուծությունների կրող»,- ասել է Մանուկյանը:

Ռեժիսորը հիշեցրել է նաև Ղարաբաղում գտնվող հայկական հարյուրավոր եկեղեցիների և վանական համալիրների մասին: Նրա խոսքերով, Արցախում շատ հեշտ է «ազգի թշնամու» համբավ ձեռք բերել: Դրա համար անհրաժեշտ է միայն ազատագրված հողերն Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցություն սկսել: Իսկ գնալ մի ժողովրդի դեմ, որի ամեն ընտանիքում Ադրբեջանի կազմում ապրել չցանկացող հայրենիքի ջերմեռանդ պահապան է ապրում, նշանակում է նոր պատերազմ սկսել: Միջազգային հանրությունը երբեք այդպիսի ծայրահեղ քայլի չի դիմի: Դրանից բացի, կարևոր է նաև այն հանգամանքը, որ ղարաբաղյան զինուժը վերահսկում է բոլոր ռազմավարական բարձունքները: Դա նշանակում է, որ պատերազմը կլինի անհավասար և արյունահեղ: Նման քայլի երբեք չի դիմի և ինքը` Ադրբեջանը»:

No comments: