Monday, January 17, 2011

Դինքի սպանությանը մասնակից են նաև թուրք զինվորականները. նոր գիրք

HayNews.am. 17-1-2011- «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 4-րդ տարելիցի նախօրյակին Թուրքիայում վաճառքի կհանվի ևս մեկ գիրք, որը պատմում է հայազգի լրագրողի սպանության մանրամասների մասին:
Թուրքական BuGun թերթի լրագրող Ադեմ Յավուզի «Մի հայ կա. «Հրանտ Դինք» գործողության գաղտնագրերը» գրքում նոր տեղեկություններ է հայտնել «Ակօս» խմբագրապետի սպանության վերաբերյալ:
Գրքում բացահայտվում է Թուրքիայի Զինված ուժերի մասը կազմող ժանդարմերիայի և Դինքի մարդասպանների միջև գոյություն ունեցած կապը: Մասնավորապես, գրքում շրջանառվում է Դինքի սպանության գործով մեղադրյալներ Օգյուն Սամասթի, Յասին Հայալի ու Էրհան Թունջելի հետ ծանոթություն հաստատած Տրապիզոնի ժանդարմերիայի ենթասպա Սաթըլմըշ Շահինի անունը:
Վերջինիս ընկերը՝ Ահմեթ Ֆարուք Այդօղլուի օգնել է Տրապիզոնից Պոլիս մեկնած Սամասթին զենք ձեռք բերել: Հունվարի 18-ին՝ սպանության նախօրեին, Պոլիս է տեղափոխվել նաև ինքը՝ Շահինը, ով տեղավորվել է նույն թաղամասում, ուր և Սամասթը:
Նշենք, որ Թուրքիայում վաճառքի է հանվել նաև Milliyet-ի լրագրող Նեդիմ Շեների՝ Դինքի սպանության մասին պատմող «Կարմիր ուրբաթ. ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» նոր գիրքը: Շեները հայտնի է նաև «Հետախուզության ստերը» գրքով:
Հիշեցնենք, որ Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:

No comments: