Monday, January 17, 2011

Քրդերը Թուրքիայում հարձակում են իրականացրել հրշեջ մեքենայի և ուղևորատար ավտոբուսի վրա. կան վիրավորներ

Tert.am. 17-1-2011- Երեկ Ստամբուլում «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հարձակում է իրականացվել հրշեջ մեքենայի և ուղևորատար ավտոբուսների վրա։
Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները պարզել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատկերով ցուցապաստառներ և բացականչել PKK–ին աջակցող կարգախոսներ։
«Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության ստամբուլյան գրասենյակի ղեկավար Մուստաֆա Ավջին ակցիայի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ և թուրքական իշխանություններին մեղադրել է օրինազանցությունները վերացնելու փոխարեն իրավիճակն էլ ավելի լարելու համար։
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ ակցիայի ընթացքում դիմակավորված մի խումբ անձինք Ստամբուլի Դոլափդերե թաղամասում մոլոտովյան կոկտեյլներ են նետել հրշեջ մեքենայի վրա և հրկիզել այն, ինչի հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ են ստացել երկու հրշեջներ։ Դիմակավորված անձինք հարձակումներ են իրականացրել նաև շրջակայքում գտնվող խանութների ուղղությaմբ՝ քարերով կոտրելով դրանց ապակիները։
Բացի այդ, մեկ այլ խումբ էլ Թարլաբաշը թաղամասում քարկոծել է ուղևորատար ավտոբուս, ինչի հետևանքով կոտրվել են ավտոբուսի ապակիները և խուճապ է առաջացել ուղևորների շրջանում։
Իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ձերբակալվել է 12 ցուցարար, այդ թվում՝ անչափահասներ։

No comments: