Sunday, January 2, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը

Սիրելի´ հայրենակիցներ,
Մոտենում է 2011 թվականը, երբ մենք արժանի շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսաներորդ տարեդարձը: Ափսոսանքով, բայց նաև ներկա անկախությունը կերտած սերունդների հպարտությամբ պիտի արձանագրենք, որ նման հոբելյան հայոց հողի վրա վաղուց չի նշվել: Շա՛տ վաղուց:
Մենք 2011 թվական ենք մտնում վստահությամբ և լավ գիտենք, որ մեր խնդիրները մե´նք ենք լուծելու: 2011 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետևողական պայքարի ու պակասը լրացնելու տարի: Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես պակաս շատ բան կա: 2011 թվականը լինելու է նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդման և հայոց իղձերի իրակա¬նացման ուղղությամբ նոր քայլերի տարի:
Չեմ կասկածում` այն, ինչ այսօր պակաս է, վաղն անկասկած լրացվելու է: Անցնող տարում հսկայական գործ են արել և´ գյուղացին, և´ դիվանագետը, և´ զինվորականը, և´ պետական ծառայողը, և´ գործարարը, և´ ուսուցիչը և՛ շատ-շատերը: Ինչ-որ բան չի հաջողվել գյուղացուն, ինչ-որ բան` գործարարին կամ կառավարությանը, բայց շատ բան, երբեմն բազմապատիկ ավելի, հաջողվել է: Սա փաստ է: Մենք կատարելագործում ենք պետական համակարգը, և նոր տարում այն աշխատելու է առավել արդյունավետ: Փոփոխությունները շարունակվելու են, և դրանց արդյունքերն ավելի տեսանելի են լինելու:
Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և գալիք Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Սրանք տոներ են, որոնք խորհրդանշում են նոր սկիզբ: Ամանորը դիմավորենք նորացված հույսերով ու նորոգ հավատով, քանի որ լավ սկիզբը գործի կեսն է:
Ցանկանում եմ, որ մենք այսօր չխախտենք ավանդույթը և բաժակ բարձրացնենք մեր զինվորների համար, ովքեր խրամատներում հսկում են մեր տոնական գիշերը: Առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ մենք այս տարի նշելու ենք վաղուց չնշված, բայց ազգային արժանապատվությունը մարմնավորող հոբելյանը: Թող գալիք տարում նրանց մատը փուշ չմտնի: Խոստովանեմ, որ ոչ մի լուր ինձ այնպես չի խոցում, ինչպես լուրերը բանակում արտակարգ պատահարների մասին:
Նոր Տարին առաջին հերթին երեխաների և ընտանեկան տոն է, որ առանձնահատուկ է հատկապես այն օջախներում, որտեղ փոքրիկներ կան: Մաղթում եմ մեր երեխաներին, որ նրանք լինեն առողջ և ուրախ, վայելեն ընտանեկան ջերմությունն ու սերը: Եթե այդպես լինի, վաղը մենք կունենանք բյուրեղացած նկարագրով նոր որակի հասարա¬կություն, որտեղ կշիռ չեն ունենա չարացած մարդիկ:
Մեր տարեցներին մաղթում եմ առողջություն և ջերմություն: Թող նրանք միշտ հնարավորություն ունենան իմաստուն խորհուրդներ տալու իրենց զավակներին ու թոռներին, ուրախանալու ու հպարտանալու նրանց հաջողություններով։
Սիրելի´ հայրենակիցներ, քույրե´ր և եղբայրնե´ր,
Բոլորիդ հաջողություն, խաղաղություն և սեփական քրտինքով սեփա¬կան ընտանիքն ու երկիրը շենացնելու հնարավորություն եմ ցանկանում գալիք տարում: Մաղթում եմ, որ 2011 թվականը դառնա նոր հաղթանակների և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի, և բոլորս հզոր թիկունք, լավ օրինակ լինենք միմյանց համար։ Այս դեպքում յուրաքանչ¬յուր նոր տարի հաստատապես մերը կլինի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

No comments: