Sunday, January 2, 2011

Վարչապետի շնորհավորական խոսքը Ամանորի ու Սբ. Ծննդյան տոների առթիվ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2011-2012 թվականներին կատարած աշխատանքը կտա իր տեսանելի արդյունքը:
«Սիրելի հայրենակիցներ,
Ավարտվում է 2010 թվականը։ Այն բնութագրվեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններին` մենք կարողացանք աճ արձանագրել տնտեսության մեջ, ամբողջությամբ կատարեցինք պետության սոցիալական արտավորությունները, նոր թափ հաղորդեցինք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին։ Շոշափելի են հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ներդրումների և արտահանման խրախուսման ոլորտներում։ 2010 թվականը բնութագրվեց նաև գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում նկատելի ձեռքբերումներով։ Նոր որակի հասավ էլեկտրոնային կառավարման համակարգը ու մեր երկրի քաղաքացիներին էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացը։ Չնայած գյուղատնտեսության ոլորտում գրանցված մտահոգիչ անկմանը` կառավարությանը հաջողվեց իրականացնել սերմնաբուծության զարգացմանն ուղղված ծրագիրը, սկիզբ դրվեց բուսասանիտարիայի ոլորտի բարեփոխումներին։ Համոզված եմ, որ 2011-2012 թվականներին մեր կատարած աշխատանքը կտա իր տեսանելի արդյունքը։
Սիրելի հայրենակիցներ, մենք մուտք ենք գործում ոչ միայն նոր տարի, այլև նոր տասնամյակ։ 2011 թվականին մեկնարկում են լրջագույն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները։
Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն հասարակական լայն աջակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ միայն բարեփոխումների ճանապարհով կարող է իրականանալ ավելի լավ ու հզոր Հայաստան ունենալու մեր երազանքը։ Բոլորիս համար Ամանորյա տոները կրում են հույսի և բարության, ջերմության և միմյանց հանդեպ հոգատարության խորհուրդը։ Եվ մենք նոր տարի ենք մուտք գործում հավատով ու մեր երկրի համար առավելագույնն անելու կամքով ու վճռականությամբ։
Մաղթում եմ, որ Նոր տարում մեր բոլորի օջախներում տիրի խաղաղություն, համերաշխություն և սեր։
Աստված մեզ բոլորիս պահապան։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - ՀՀ կառավարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխանցմամբ` ասված է Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

No comments: