Monday, January 24, 2011

ԵԹԵ ԵՐԵՎԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՇԽԵԼ

Ազգը և կլանը
«Լրագիր» 24-1-2011- Նոր տարում հին տեխնոլոգիաներով` այժմ էլ սկսեցին շրջանառվել երևանցիների կուսակցության մասին լուրերը: Այժմ կլանը որոշել է հակադրել երևանցիներին ժողովրդին, որպես ևս մեկ լծակ, բաժանարար գիծ, որը կպառակտի հասարակությունը վարաչակարգի դեմ պայքարում: Ինչ ասես.... Իհարկե, Երևանը, որպես խոշորագույն ժողովրդագրական, տնտեսական և մշակութային կենտրոն պարտավոր է ասել իր խոսքը, երևանցիները իրավունք ունեն և պարտավոր են հայտ ներկայացնել քաղաքական դաշտում, առավելևս, որ Երրորդ Հանրապետությունը իր տնտեսական և ժողովրդագրական դիսբալանսով, երևանակենտրոնությամբ ավելի շատ քաղաք-պետություն է: Իհարկե Աթենքը կամ Հռոմը քաղաք-պոլիսներ էին, սակայն դրանք իրենց հզորության ճանապարհին վերածվեցին առևտրային կամ ռազմական կայսրությունների: Սակայն հարց է առաջանում. խոսքը Երևանը և երևանցիներին մնացյալ երկրին հակադրելու, առանձնանալու մասի՞ն է, թե՞ Երևան քաղաքի և քաղաքացիների իրավունքների մասին:

Եթե Երևանը ցանկանում է ազդել, իշխել և նույնիսկ թելադրել իր կամքը այս 42 հազար ք.կմ վրա և նույնիսկ դրանից դուրս, ապա ողջույն, Հայության մայրաքաղաք: Իսկ եթե “երևանցիների” կուսակցությունը կրկնելու է իշխանության գրպանային հայրենակցական կազմակերպությունների և ղարաբաղյան կլանի ճանապարհը` տուրք տալով գավառամտության, թեկուզ մայրաքաղաքային գավառամտության, հետադիմության և երկրից ինքնամեկուսացման գաղափարներին, ազգը տրայբերի, ցեղերի, թայֆաների և մայլեքի բաժանման գործընթացներին, ապա կարելի է վստահ ասել, որ մենք գործ ունենք հերթական իշխանական պրոեկտի հետ, եթե ոչ քաղաքական, ապա վստահաբար գաղափարական առումով:

Թեման, որին կամենում եմ անդրադառնալ, Ռոբերտ Քոչարյանի ասպարեզից հեռանալուց հետո, կարծես թե կորցրել է իր հրապարակային սրությունը, սակայն, վստահաբար, ոչ հրապարակային` քողարկված վիճակով այն էլ ավելի սրություն է ստացել, իսկ այժմ նաև նոր լիցք ի դեմս “երևանցիների” կուսակցության մասին լուրերի: Խոսքը և կենցաղային, և ինտելեկտուալների մակարդակով “ղարաբաղցի և հայաստանցի” հակասության մասին է: Ներքին քաղաքական նրբանկատությունը խնդիրը հեռացրել է հրապարակային բաց քննարկումներից, տեղափոխելով այն ենթագիտակցական` ոչ ֆորմալ մակարդակ, ինչն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան այսպես կոչված ենթաէթնիկական հակադրությունը կամ հակասությունը: Բանը հասել է այնտեղ, որ բանականության պակասի մեջ չկասկակածվող անձինք Երևանում մտավախություն են հայտնում, որ ապագայում մենք կարող ենք բախվել, եթե ոչ լիարժեք նոր ազգի` “ղարաբաղցիների”, ապա` հաստատապես նրանց հիմքում նոր ենթաէթնոսի ձևավորմանը:

Մյուս կողմից, արցախյան ծագում ունեցող ինտելեկտուալներն անմասն չեն նման կասկածներն առաջացնելու հարցում` արցախցիներին որպես հայկական “կազակներ” ներկայացնելով` մի ենթաէթնոսի, որն իրեն ռազմիկ խավ է համարում` ի տարբերություն և ի հակադրություն “խաղաղասեր հայաստանցիների”:

Երկու կողմերի պատկերացումները խոր արմատներ են գցել հանրության մեջ, իսկ, մյուս կողմից, ոչ ոք չի համարձակվում քննարկել ստեղծված վիճակը, թեև առաջին իսկ լուրջ և հրապարակային քննարկումը կփարատի երկու կողմերի մոլորություններն էլ:

Խնդիրը ինքնին շփոթվածության և այսրեպեական քաղաքական անցուդարձի հետևանք է. իրական խնդիր այն դարձնում է հասարակության` քննարկելու և իրերն իրենց անունով հստակորեն կոչելու անընդունակությունը:

Ինչևէ, կարիք չկա ազգաստղեծման տեսական լաբիրինթոսներին անդրադառնալ. կարելի է միայն արձանագրել, որ ազգն, ի հեճուկս հայկական էթնիկական համառությանը, քաղաքական երևույթ է: Լեզուն, կրոնը և մշակույթը միայն քաղաքական հենքի վրա են առանձնացնում իրենց յուրահատկությունը: Մեր պայմաններում իրավիճակը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով. “ղարաբաղյան” կլանն, արհեստականորեն հակադրելով նույն ազգի մի մասը ընդհանուրին, լուծում է նեղ, իշխանական ու վերնախավային խնդիր: Ընդ որում, կլանի ներկայացուցիչները որքան սանձարձակ վարքագիծ դրսևորեն և, որպես հետևանք, իրենց նկատմամբ ատելություն առաջացնեն, այնքան այդ կլանի անդամներն ավելի հավատարիմ կլինեն կլանի ղեկավարներին: Կլանի միասնականությունն ավելի բարձր է դասվել, քան` ազգի միասնականությունը:

Նմանօրինակ, պետության չափ հին տեխնոլոգիայի մասին գրել էր դեռևս Ուինստոն Չերչիլը` նկարագարելով Սուդանի ապստամբների ինքնահռչակ ղեկավարի վարվելաձևը իր “Պատերազմ գետի մոտ” գրքում: Դա դասական` արևելքում շատ տարածված եղանակ է, որն արդի հայ իրականության մեջ առավել ցայտուն կերպով արտահայտվում է զինված ուժերում և ազատագրված տարածքներում, որտեղ հիմնական առանցքը “հայաստանցիներ” են, իսկ ղեկավար անձնակազմը` “ղարաբաղցիներ”: “Երևանցիներին” այս ծրագրերում երևի հատկացված է “բնիկ մոսկվիչների” դերը, որոնք ատում են գավառը և փաստացիորեն Ռուսաստանի տրոհման կողմնակիցն են հանդիսանում: Երևի դա նկատի ունեին ռուսերենը սովորելու և ռուսական ԳԲ-ական վարչակառավարման փորձը կիռարելու անհրաժեշտության մասին խոսելիս: Թե ինչով կավարտվի նման հրեշավոր մոտեցումը և Մոսկվայում, և Բաղրամյան պողոտայում, և Մարտի 1 հրապարակում գտնվող Քաղաքապետարանում նստածները անկասկած թքած ունեն:

Ինչևե, նման կադրային շեղումը, երբ կադրերի ուղղահայաց շարժունակությունը կարգավորվում է կլանի անդամության հանգամանքի թելադրմամբ, հասկանալի դժգոհութուն է առաջացնում, որը, սակայն, հատկապես կենցաղային մակարդակում անընդունելի և վտանգավոր ձևեր է ընդունում, չնայած կլանի մեջ բազմաթիվ են բուն երևանցիները, ապարանցիները, արտաշատցիները և այլն: Մյուս կողմից, Ստեփանակերտում էլ գտնվել են այդ հիմարության գաղափարախոսներ, որոնք նման իրավիճակն արդարացնում են “ղարաբաղցիների ազատատենչ և ռազմիկ առանձնահատուկ ոգի ունենալու” հանգամանքով, որն “օրինականացնում” է կլանի քաղաքական իշխանությունն` ի հաշիվ առողջ բանականության: Այ, այսպիսի մի փոխադարձ և երկուստեք, ինչ-ինչ շահերից ելնելով քաղաքական սպեկուլյացիա:

Սակայն բուն խնդիրը ի վերջո վերաբերում է իշխանական այն հորիզոնական կտրվածքին` կլանին, որն այլևս լիարժեք հանրույթ (սոցիում) չի: Արցախում և Հայաստանի Հանրապետությունում անկախ ծագումից կլանի ներկայացուցիչների մեջ այլևս չկան ռանչպարներ, բանվոր դասակարգ, չկա լիարժեք սոցիալական բուրգ: Կան ընդամենը բացառիկ չափով կոռումպացված պետական պաշտոնյաներ, քանի որ գործող քրեապետության իրականացման գործելաձևը կաշառակերությունն է և գանձագողությունը:

Մինչդեռ նման հորիզոնական կտրվածքը կենսունակ է միայն այլ լիարժեք բուրգում սեփական տեղը զբաղեցնելու պարագայում` որպես սոսկ պաշար սպառող այլ ավելի մեծ ինքնաբավ մարմնի մաս:

Որոշ ժամանակ անց, երբ “ղարաբաղյան” կլանը զրկվելու է իշխանությունից, արցախցիներն անիծելու են Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին, որովհետև հենց նրանք աշխատավոր և հողին կառչած ժողովրդին դարձրեցին բյուջետային կցորդ, որն առանց այդ բյուջեի այլևս ոչինչ է:

Նման բան վրացիների հանդեպ կատարել էր Ստալինը, երբ “վրացական գործոնի” վերացումից հետո պարզվել է, որ այդ ազգն ընդունակ չէ ո°չ կռվելու և ո°չ աշխատելու, ինչպես նաև` առանց արտաքին նպատակասլաց կառավարման իր իսկ պետականությունը կայացնելու:

Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ նման իշխող խավ` այլևայլ ցեղեր, կորցնելով քաղաքական իշխանությունը ենթակա ժողովրդի վրա, կորցնում էին սեփական գոյության հիմնասյունը և վերանում երկրի երեսից, կամ էլ ժամանակի ընթացքում` ամբողջությամբ ձուլվում հիմնական զանգվածի մեջ:

Շարունակելով Վրաստանի օրինակն` արժանահիշատակ է մեգրելների ճակատագիրը, որոնք մինչև 30-ական թվականներն ունեին սեփական դպրոցներ, թերթեր, գիր և գրականություն, որոնց հիմնովին վերջ տվեց “գլխավոր” մեգրելը` Բերիան.... Սակայն այդ վրացական ենթաէթնոսը հրաժարվել է ազգային ինքնության և անկախության ճանապարհից` նախընտրելով իշխանություն ամբողջ Վրաստանի վրա: Եվ մենք ականատես ենք մեգրելական կլանի գերակա դերի և մշտական համառության` Թիֆլիսին իշխելու պայքարում: Ավելին` ամենամոլեռանդ վրացիները հենց մեգրելներն են, ինչպես նաև մեկ այլ ենթաէթնոս սվանները: Այդ ենթաէթնոսների վերնախավերն ընտրել են այլ` ավելի մեծ սոցիալ-տնտեսական էթնիկական բուրգում իշխելու և, հետևաբար, ինտեգրվելու և ձուլվելու ճանապարհը:
Բացի այդ, կա ևս մեկ, շատ ավելի էական հանգամանք, որն ամուր կապում է կլանի միջին և ստորին շրջանակները: Դա ունեցվածքն է, բիզնեսները, օբյեկտները, Երևանի կենտրոնում բնակարանները և Հայաստանով մեկ ապարանքները: Եթե օլիգարխիայի համար արդեն Հայաստանում ունեցած սեփականության համեմատ արտահանած կապիտալը ոչ էական տեսակարար կշիռ ունի, ապա օլիգարխիկ կապիտալից ցածր գտնվողների համար Հայաստանում ունեցածքն ամեն ինչ է, հետևաբար այդ տնտեսական լծակը նաև հուսալի խարիսխ է կապվածության և սոցիալ-տնտեսական միասնության:

Այստեղ կարևոր է ընդգծել նաև ևս մեկ հանգամանք: Գործող վարչակարգը հակադրել է հայ ժողովրդի տարբեր մասերը իրար ոչ միայն մարզա-գավառական սկզբունքով: Շատ ավելի խոր հակասությունների մեջ են դրված, օրինակ, բժիշկները և հիվանդները, ոստիկանները, վերից վար կաշառված կրթական համակարգի աշխատակիցները և հասարակ քաղաքացիները, հարկային աշխատողները, և տնտեսավարող սուբյեկտներ, և այդպես շարունակ: Բաժանումը, պառակտումը և փոխադարձ ատելությունը սկզբունք են, մեթոդ են կառավարման, իսկ ազգի միասնության դատարկ և տափակ կոչերը միայն կատարված հանցանքը կոծկելու միջոց են:

Ազգին պառակտելու լավագույն տարբերակներն են իրավական, ունեցվածքային և սոցիալան անհավասարությունը: Եվ հենց դրանց հաղթահարումն է ազգային միասնության լավագույն տարբերակը:

Այդ իմաստով, վարչակաչգը ոչ թե նոր ենթասուբէթնոս է ստեղծում, այլ ընդամենը իշխող դասակարգ` միաժամանակ հասարակությունը պառակտելով կաստաների, մեկուսացված և իրար հետ խոր հակասությունների մեջ գտնվող խմբերի, որոնք օրենքի և իրար առջև իրավահավասար չեն, այլ իրավական կարգավիճակի, իրավունքների և պարտականությունների կոմպլեքսով, проход-ի աստիճաններով բաժանված հանցավոր բուրգի մասեր են:

Այն պահից, երբ “ղարաբաղյան” կլանը կորցնի իշխանությունը, մենք տեսնելու ենք մի զարմանահրաշ երևույթ. Ստեփանակերտի այն նույն “հատուկ լեռնային ինքնության” գաղափարոսության մասին զառանցանքների հեղինակները դառնալու են համահայկականության, ազգի միասնականության, միատարրության կատաղի ջատագովները, քանի որ այլ տեղ, այլ ազգում, երկրում կամ պետության մեջ նրանք ոչ մի հնարավորություն չունեն վերագտնելու իրենց տեղը սոցիալ-քաղաքական համակարգում, առավել ևս` բուրգի գլխում: Այդ պաշտոնեական քաղցր անցյալն իր ծավալով չի կարող վերադառնալ անասնապահությանը կամ Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկա, հրաժարվել երևանյան ունեցվածքից, բիզնեսից և կայֆերից և հետևաբար առաջինն է ոգեկոչելու “Մայր-Հայաստան” գաղափարը:

Իհարկե, մի քիչ անսովոր և ծիծաղելի կլինի, բայց ազգի միասնականության գաղափարի վերարտադարողը կրկին լինելու է Արցախը. այլ հարց է, որ դա կլինի դաժան դաս բոլորիս համար: Չի կարելի, արհեստականորեն հակադրելով ազգի տարբեր հատվածներ, քաղաքական իշխանութունն ամրապնդել: Եվ դա վերաբերում է բոլորին, թե Ստեփանակերտում, և թե Երևանում:

ՀԱՅԿ ԲԱԼԱՆՅԱՆ

No comments: