Tert.am. 20-1-2011- Վրաստանի և Իսրայելի միջև ծագել է ամենալուրջ կոնֆլիկտը երկու երկրների փոխհարաբերությունների ողջ պատմության ընթացքում։ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը վրացական իշխանություններից պահանջել է անմիջապես ազատ արձակել իսրայելցի գործարարներին՝ ձերբակալված Վրաստանի ֆինանսների փոխնախարարին կաշառք տալու փորձի մեղադրանքով։ Իսրայելում վստահ են, որ գործարարները դարձել են վրացական հատուկ ծառայությունների զոհը, և Թբիլիսիին սպառնում են լուրջ հետևանքներով։Nirrnetco (Overseas) LTD ընկերության նախագահ Զեեվ Ֆրենկելն ու Էյլաթում Թուրքիայի պատվավոր հյուպատոս Ռոնի Ֆուկսը, որոնք զբաղվում էին բիզնեսով էներգակիրների ու ենթակառուցվածքների ոլորտում, ձերբակալվել են Բաթումում 2010թ. հոկտեմբերի 14-ին. Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները նրանց ձերբակալեցին ռեստորաններից մեկում, երբ վերջիններս սպասում էին Վրաստանի ֆինանսների փոխարտգործնախարար Ավթանդիլ Խարաիձեին։ Հատկանշական է, որ գործարարները ժամանել էին Վրաստան երկրի վարչապետ Նիկա Գիլաուրիի անձնական հրավերով։ Նրանք հույս ունեին ավարտին հասցնել 1990-ականների սկզբին կնքված պայմանագրի խզման համար իրենց որպես փոխհատուցում $96.4 մլն վճարելու պայմանների ու ժամկետների վերաբերյալ բանակցությունները, քանի որ ձեռքի տակ ունեին Համաշխարհային բանկի արբիտրաժի դրական որոշումը։
Խոսքը նավթի ու գազի հանքավայրերի շահագործման, ինչպես նաև Վրաստանի բոլոր խողովակաշարերը կառավարելու վերաբերյալ պայմանագրի մասին է, որը Ֆուկսն ու Ֆրենկելը կնքել էին Զվիադ Գամսախուրդիայի կառավարության հետ 1991թ. աշնանը։ Սակայն արդեն հաջորդ տարի պաշտոնական Թբիլիսին պայմանագիրը չեղյալ էր հայտարարել։
Ձերբակալությունից անմիջապես հետո Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակեց Ավթանդիլ Խարաիձեի՝ Ֆուկսի ու Ֆրենկելի հետ հանդիպման ¥որը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ Ստամբուլի հյուրանոցներից մեկում¤ տեսագրությունը, որից հետևում է, որ իսրայելցիները վրացի պաշտոնյային առաջարկել են $7 մլն, և ևս $18 մլն խոստացել են հատկացնել իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ֆոնդին՝ միջազգային արբիտրաժի վճիռը բողոքարկելուց հրաժարվելու և գումարը ժամանակին վճարելու փոխարեն։ Գործարարները չէին ենթադրում, որ Ավթանդիլ Խարաիձեն ամեն բանի մասին նախօրոք տեղեկացրել է վրացական հատուկ ծառայություններին և նրանցից ստացել է սարքավորումներ՝ զրույցը գաղտնի ձայնագրելու համար։
Զեեվ Ֆրենկելի շահերը ներկայացնող փաստաբան Մորդեխայ Ցիվինը վստահ է, որ վրացական կառավարությունը, չցանկանալով վճարել գործարարներին, նրանց համար ծուղակ է պատրաստել։ Նա կարծում է, որ իր հաճախորդին ձերբակալել են «սարքած» գործով՝ «դատավարական գործընթացի» հասնելու, այսինքն՝ ազատության փոխարեն $96.4 մլն-ից հրաժարվելու համար։ Պաշտպանությունը մտադիր է պայքարել մինչև վերջ։
Իսրայելի իշխանությունները նույնպես միացել են իրենց քաղաքացիների համար մղվող պայքարին։ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը դեռ անցյալ տարի զանգահարել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ խնդրելով կարգավորել իրավիճակը։ Իսկ այս տարվա հունվարի սկզբին, երբ սկսվեց դատավարությունը, գործին միացավ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։ «Այն, որ Վրաստանի իշխանությունները Ֆուկսին ու Ֆրենկելին հրավիրել են իրենց երկիր, հետո՝ ձերբակալել, կարող է զգալի խոչընդոտ հանդիսանալ երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին, քանի որ իսրայելցի գործարարներն այժմ վախենում են որևէ գործ սկսել վրացական կողմի հետ։ Սա քայքայում է երկու երկրների միջև տնտեսական բոլոր կապերը, որ վերջին տարիներին զարգանում էին այդչափ արագ տեմպերով»,- ասվում է Լիբերմանի՝ իր վրացի պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեին հղած ուղերձում։
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, Իսրայելի լրատվամիջոցները է'լ ավելի վճռական են տրամադրված։ Նրանց կարծիքով՝ հարկ է Եվրամիությունից և ԱՄՆ-ից պահանջել սառեցնել Վրաստանի բանկային հաշիվները և դադարեցնել ֆինանսական օգնությունն այդ երկրին մինչև Ֆուկսի ու Ֆրենկելի ազատ արձակումը։
Իր հյուպատոսի ձերբակալության կապակցությամբ դժգոհություն է հայտնել նաև Թուրքիան։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment