Friday, January 7, 2011

Գյուլը երեկ ծեծեց ուսանողներին, այսօր հանդիպում է նրանց հետ

Tert.am. 6-1-2011- Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բախումներ են տեղի ունեցել թուրք ուսանողների և ոստիկանության միջև, որի ընթացքում իրավապահները հերթական անգամ ուժ են կիրառել համալսարանականների նկատմամբ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` հունվարի 5-ին Մերձավոր Արևելքի տեխնիկական համալասարանի, Անկարայի և Հաջեթեփեի համալսարանների մոտ 500 ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ իշխանությունների և ոստիկանության` ուսանողության նկատմամբ կիրառվող բռնությունների:
Համալսարանականները «Ապստամբում ենք» և «Պահանջում ենք հավասար, անվճար և մայրենի լեզվով կրթություն» գրությամբ ցուցապաստառներով փորձել են շարժվել դեպի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակ: Սակայն իրավապահներն ուսանողներից պահանջել են ցրվել` հայտարարելով, որ նրանց ակցիան արտոնված չէ: Համալսարանականները, ուշադրություն չդարձնելով ոստիկանների նախազգուշացումներին, շարունակել են իրենց երթը, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել իրավապահների և ուսանողների միջև: Բախման ընթացքում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Միջադեպը տևել է մոտ 1,5 ժամ: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իսկ այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը որոշել է հանդիպել Անկարայում գործող 11 պետական և մասնավոր համալսարանների ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Հանդիպումը տեղի է ունենալու նախագահական նստավայրում, որի ընթացքում կքննարկվեն ուսանողներին հուզող հարցերը:

No comments: