Thursday, January 13, 2011

Օլիգարխների ժամանակը մոտենում է ավարտին. Ռիչարդ Կիրակոսյան

Հարավային Սուդանում սկսված հանրաքվեի, ղարաբաղյան հակամարտության և ներքաղաքական զարգացումների հավանական փոխազդեցությունների մասին «Կապիտալը» զրուցել է վերլուծաբան, ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ։ Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի իշխող վերնախավում տեղի է ունենում հակամարտություն, որը կարող է դրական անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական զարգացումների և գալիք ընտրությունների վրա։

-Պարոն Կիրակոսյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հարավային Սուդանի ակնկալվող անկախացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։
-Ընդհանուր առմամբ՝ ուղղակի ազդեցություն չի կարող ունենալ, սակայն պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ է տեղի ունենում միջազգային հարաբերություններում, անուղղակի ազդեցություն, հատկապես բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցում, կարող է ունենալ։ Մենք կարող ենք ասել, որ Հարավային Սուդանի դեպքը ցույց է տալիս, որ տարածքային ամբողջականությունն այնքան կարևոր չէ, որքան նախկինում էր։ Հարավային Սուդանում տեղի ունեցող հանրաքվեն ցույց է տալիս, որ ինքնորոշումն ավելի կարևոր է, քան տարածքային ամբողջականությունը։
Ես կկարևորեի նաև Սուդանից եկող ցեղասպանությանը վերաբերող ազդանշանը. Սուդանը ցեղասպանության ամենավերջին օրինակն է և ցույց է տալիս, թե որքան կարևոր է անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր կանխել ապագայում տեղի ունեցող մարդկության դեմ ուղղված նմանատիպ հանցագործությունները։ Հարավային Սուդանի դեպքերը հայերի համար կարևոր են նաև այն առումով, որ հնարավորություն են տալիս ուժեղացնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Հարավային Սուդանում տեղի ունեցող իրողությունները թուլացնում են նաև Թուրքիային, քանի որ Թուրքիան սերտ հարաբերություններ ունի Սուդանի առաջնորդների հետ, որոնք պատասխանատու են ցեղասպանության համար։ Ամեն դեպքում, այն, ինչ կատարվում է Հարավային Սուդանում, ևս մեկ անգամ հաստատում է, որ ազգերի ինքնորոշումն ավելի կարևոր է, քան տարածքային ամբողջականությունը, և սա կարևոր է։

-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին հայտարարել է, որ Սուդանի Հյուսիսի և Հարավի միջև հակամարտության խաղաղ լուծումը հանրաքվեի միջոցով կարող է օրինակ ծառայել ողջ Աֆրիկայի համար։ Նրա խոսքով՝ հանրաքվեն «ժողովրդավարական գործընթացի» ապացույց է։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Միացյալ Նահանգներից ողջույնի խոսքեր հնչում Հարավային Սուդանի հանրաքվեի հասցեին, իսկ Ղարաբաղի երկու կայացած հանրաքվեները մնում են աննկատ հենց ԱՄՆ-ի կողմից։
-Միացյալ Նահանգները, ինչպես յուրաքանչյուր այլ երկիր, միշտ կանի այն քայլերը, որոնք բխում են իր ազգային շահերից։ Ամեն դեպքում, դրական առումով, մենք չպետք է սպասենք Միացյալ Նահանգների կողմից Ղարաբաղի անկախության ճանաչմանը, քանի որ Ղարաբաղի անկախությունն իրականություն է, որը նախ պետք է ընդունվի Ադրբեջանի և Հայաստանի կողմից։

-Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը կընդունի միայն այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը բավարար ճնշումներ գործադրի Բաքվի վրա։
-Ճնշումներ Ադրբեջանի վրա արդեն իսկ կան, ընդ որում՝ ճնշումները գալիս են մի քանի կողմից. նախ՝ Ադրբեջանը ստիպված է գիտակցել, որ ղարաբաղյան պատերազմում կրել է պարտություն։ Երկրորդ՝ Ադրբեջանը ստիպված է ընդունել այն, ինչ տեսնում է աշխարհը, իսկ աշխարհը տեսնում է, որ Ղարաբաղն այլևս չի վերադառնա Ադրբեջանի կազմ։ Երրորդ՝ Ադրբեջանը ստիպված է հասկանալ, որ հանուն տարածաշրջանի ապագայի հարկադրված է լինելու հրաժարվել պատերազմի սպառնալիքներից։


-Այսինքն՝ Ադրբեջանից եկող սպառնալիքները այդպես էլ չե՞ն վերածվի իրական գործողությունների՞։
-Պատերազմի վտանգը կա դեռ անցած տարվա հունիսից։ Բարեբախտաբար, Հայաստանը պատրաստվում է այդ պատերազմին։ Սակայն անցած տարի բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերը և Նոր տարվա նախօրեին Իջևանում տեղի ունեցած սպանությունը ցույց են տալիս, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է ավելին անել՝ բանակն ավելի ուժեղացնելու համար։ Այլ կերպ ասած՝ ես գոհ եմ նախարար Օհանյանի՝ բանակի ներսում առկա անօրինականությունների դեմ պայքարից, սակայն պետք է նշեմ, որ Հայաստանին սպառնացող վտանգը գալիս է ոչ միայն Ադրբեջանից, այլև ներսից։

-Դուք խոսեցիք նաև ցեղասպանությունների մասին. այդ համատեքստում ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն այդպես էլ չմտավ ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ։
-Մենք չպետք է մեղադրենք Կոնգրեսին՝ բանաձևն օրակարգ չմտցնելու համար, մենք պետք է մեղադրենք Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիին, որը հարցը չմտցրեց օրակարգ։ Կարծում եմ՝ Ցեղասպանության ճանաչման բանաձևը նորից կգնա Սենատ և Ներկայացուցիչների պալատ։ Կարծում եմ նաև, որ այս անգամ բանաձևն ավելի ուժեղացած կլինի, քանի որ Թուրքիան կորցրել է իր բոլոր ընկերներին և աջակիցներին։
Պետք է նշեմ նաև, որ թուրք-իսրայելական լարված հարաբերությունների արդյունքում Կոնգրեսում ամրապնդվել են Ցեղասպանության ճանաչման բանաձևի դիրքերը։ Չնայած այս ամենին՝ այդ խնդիրն իրականում չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը. մենք կարիք չունենք, որ Կոնգրեսն ընդունի այն, ինչ մեզ համար ակնհայտ իրողություն է։ Կոնգրեսը կարիք ունի ճանաչել Ցեղասպանությունը հենց իր ազնվության համար։ Կոնգրեսի «այո»-ն կամ «ոչ»-ը չի կարող ազդել Ցեղասպանության եղելության փաստի վրա։ Այս ֆոնին շատ ավելի կարևոր է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որի համար Հայաստանը պետք է ուժեղացնի հայ-թուրքական հարաբերություններում հենց այս տարրը։

-Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ինչպե՞ս կգնահատեք նախագահի նախաձեռնած կադրային փոփոխությունները։
-Լավագույն նվերներից մեկը, որ ստացավ հայ հասարակությունը Ամանորի նախօրեին, նախարարներին փոխելու նախագահի որոշումն էր։ Կատարվածի արդյունքը, իհարկե, անմիջապես տեսանելի չի լինի, սակայն նախագահի կատարած փոփոխությունները հույս ներշնչեցին և բարձրացրին հասարակության սպասումները։ Փոփոխությունները կառավարության ներսում ցույց են տալիս, որ նախագահը հակված է իրականացնել բարեփոխումներ։ Կարևոր է նկատել նաև այն, որ Երևանի քաղաքապետի հրաժարականն ուղերձ էր առ այն, որ որոշակի վարքն այլևս անընդունելի է։ Այս ամենը, իհարկե, բավարար չէ, և արդյունքի հասնելու համար պետք է արվի ավելին, սակայն այս քայլերը Հայաստանի կառավարությանն օգնում են առաջ շարժվել։ Այս ամենի դրական ազդեցությունը եղավ նաև այն, որ Հայաստանի օլիգարխները հասկացան, որ իրենց ժամանակը մոտենում է ավարտին։

-Նախարարների տեղափոխությունն ընդդիմադիր դաշտի կողմից բնորոշվեց որպես «կադրային տեղապտույտ, որն իրականում որևէ լուրջ բան չի փոխում հայ քաղաքական կյանքում»։
-Համաձայն չեմ, քանի որ կարևորը դեմքերը չեն, կարևորն այն է, թե ինչ է թաքնված այդ տեղափոխությունների հիմքում։ Պետք է նկատել, որ առաջին անգամ Հայաստանի քաղաքական պատմության մեջ տեղի է ունենում հակամարտություն վերնախավի միջև՝ ՀՀԿ-ականները ԲՀԿ-ականների դեմ։ Սա նոր հակամարտություն է, և հույս ունենանք, որ այս զարգացումները կբացեն հայաստանյան փակ քաղաքական համակարգը։

-Չե՞ք կարծում, որ նախագահի իրականացրած քայլերի նպատակը և նշանակետը նաև գալիք նախագահական ընտրություններն են։
-Դա ևս կա, սակայն դրանք քայլեր են ոչ միայն ընտրություններին ընդառաջ։ Փոփոխությունները վերաբերում են նաև այս տարվա հավանական արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կարծում եմ՝ կառավարությունը փոխվում է, քանի որ ստիպված է փոխվել։ Այն համակարգը, որը կար առ այս պահը, այլևս չի կարող գոյատևել։ Ակնհայտ է դառնում, որ բարձրաստիճան չինովնիկների ցուցաբերած անընդունելի վարքն արդեն անհանդուրժելի է։ Կարծում եմ նաև, որ եթե սկսվի անհանդուրժողականությունն անընդունելի վարքի նկատմամբ, ապա այն կտարածվի նաև ընտրությունների վրա՝ նվազեցնելով ընտրակեղծիքների քանակը։

No comments: