Friday, January 14, 2011

Լավ է նշենք հին Նոր տարին, քան ոչինչ չնշենք

Այսօր Հայաստանում հին տոմարով նշվում է Նոր տարին: Ոմանք հունվարի 1-ի պես նորից տոնական սեղան են պատրաստում, ոմանք էլ հավաքում են ամանորյա զարդարանքները:
Հուլյան և Գրիգորյան տոմարների միջև 16-20-րդ դարերի ընթացքում տարբերությունը կազմել է 13 օր, իսկ 21-րդ դարի կեսին հին և նոր տոմարների միջև տարբերությունը կկազմի 14 օր, ինչը նշանակում է, որ հին նոր տարին մեկ օր ուշ կլինի:
Աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը հիշեցնում է, որ հայերն ունեցել են նաև սրբազան տոմար, որը հիմնված է եղել անշարժ արեգակնային օրացույցի վրա, ըստ որի` տարին հաշվվել է 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան: Սա եղել է կատարյալ օրացույց, և Ամանորը համընկնում է արեգ ամսվա արեգ օրվա հետ, որը ներկայիս մարտի 21-ն է:
«Հենց մարտի 21-ին հայերիս համար կմեկնարկի նոր` Երկվորյակի տարին: Մենք ունենք մեր ավանդույթները և պետք է պահպանենք, քանի որ հնագույն ազգերից մեկն ենք»,- ասում է Հովհաննիսյանը:

Այսօր Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է նաև Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես յուրաքանչյուր նորածին արու զավակ, թլփատվել և անվանակոչվել է:

Շփոթվա՞ծ եք: Մենք էլ: Այսպիսով, անկախ այն բանից, թե ձեր օրացույցով հին Նոր տարի՞ է, թե՞ ոչ, ինչո՞ւ համենայն դեպս մի հավաքույթ չկազմակերպել:
Գոհար Աբրահամյան

No comments: