Saturday, January 15, 2011

ՊԱՏԵՐԱԶՄԸ` ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՈՒՄՆԵՐԸ` ՀՆԱՐԱՎՈՐ

«ԱԶԳ», 15-01-2011- Հայաստանյան ռազմական փորձագետներ Դավիթ Ջամալյանն ու Արծրուն Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում, չնայած անգամ ամանորյա ուղերձում Իլհամ Ալիեւի ռազմական հռետորաբանությանը, հայ-ադրբեջանական պատերազմը արկածախնդրություն որակեցին երկու պատճառով: Նախ` հավանական պատերազմից առաջ Ադրբեջանը լավ հասկանում է, որ ուժերի հարաբերակցության խնդիր կա, ապա նաեւ` պատերազմը վստահաբար ռիսկային կլինի Ալիեւ ընտանիքի համար` իշխանությունը պահպանելու առումով: Ուժերի հարաբերակցության մասով` Ջամալյանը հատկապես կարեւորեց, որ անցած տարում Հայաստանը բարձրաձայնեց, որ տիրապետում է հակաօդային պաշտպանության միջոցների. «Հաշվի առնելով, որ ժամանակակից պատերազմում օդուժը, մեղմ ասած, էական դեր է խաղում, կարծում եմ, Երեւանի նման զգուշացումը իրականության կբերի Ադրբեջանին: Քանի որ նվազում է հավանական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի հնարավորությունը, հետեւաբար` այդ երկրի ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական գործողությունները առհասարակ», ասաց Ջամալյանը, որի հետ համաձայնեց Արծրուն Հովհաննիսյանը` ավելացնելով. «Ես չեմ կարծում, որ նորմալ երկրի նորմալ ղեկավարը նման արկածախնդիր պատերազմ կսկսի»: Մյուս կողմից, սակայն, ըստ երկու փորձագետների, որպեսզի ինչ-ինչ մեսիջներ ուղարկի միջազգային հանրությանը, ինչպես նաեւ սեփական ժողովրդին իր իսկ խոսքերի իրավացիության մեջ ապացուցի, Իլհամ Ալիեւը հավանական է, որ կգնա սահմանային որոշ լարվածությունների, դիվերսիոն գործուղությունների կազմակերպման. «Կարող են լինել նման փորձեր, բայց ոչ ավելին, նորից եմ կրկնումՙ Ալիեւը պատերազմ սկսելու արկածախնդրություն չի դրսեւորի», ասաց Ջամալյանը:
Ինչ վերաբերում է հարեւան երկրի սպառազինության պարբերաբար թարմացմանը, ապա Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով իր մասնագիտական կարծիքը, նկատեց, որ այդ սպառազինությունները պիտանելիության ժամկետ ունեն. «25 տարի հետո, եթե այդ ժամանակահատվածում Բաքուն պատերազմ չսկսի, ապա ստիպված կլինի ամբողջովին նորացնել իր զինանոցը, քանի որ «ընդարձակ աշխարհագրությամբ» գնված սպառազինության պիտանելիության ժամկետն անցած կլինի», վստահեցրեց ռազմական փորձագետը:
Թերեւս մնում է միայն ավելացնել, որ պատերազմի վերսկումը ցանկալի չէ նաեւ իր իսկ` ադրբեջանցի ժողովրդի համար:

No comments: