Sunday, January 2, 2011

Նախագահն այցելել է Հայաստանի պաշտպանական դիրքեր, շնորհավորել զինվորներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում:
Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, զրուցել գյուղի բնակչության հետ, շնորհավորել նրանց տոների կապակցությամբ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրի խնդիրներով, որոնք, երկրի ղեկավարի հավաստմամբ, շարունակելու են մնալ պետության առանձնակի ուշադրության կենտրոնում:
Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է պաշտպանական դիրքեր, պաշտպանական հենակետերում հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ և անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին:
Սերժ Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայոց բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա կապակցությամբ և 2011թվականին բոլորիդ ցանկանում եմ ուժ, կորով, հավատ, որպեսզի դուք կարողանաք պատվով կատարել այն սուրբ գործը, որ ձեզ է հանձնարարված: Զինվոր լինելը ամենապատվաբեր գործն է: Հայրենիքի սահման պաշտպանող զինվորը մեր աչքի լույսն է և որքան այդ զինվորը տոկուն լինի, հաստատակամ լինի, այնքան մենք լինելու ենք ավելի վստահ և ավելի կազմակերպված»:
Պաշտպանական դիրքեր այցելության ընթացքում Սերժ Սարգսյանին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

No comments: