Thursday, January 13, 2011

Հայ–թուրքական գործընթացը կօգտագործվի որպես խաղաքարտ Թուրքիայի ընտրություններում. թուրք փորձագետ

Tert.am. 12-1-2011- -SETimes կայքը մեծ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, որի շրջանակում զրուցել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի, մի քանի թուրք փորձագետների, Բրյուսելում գործող Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հյու Փոփի, ինչպես նաև Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից Գեյբուլլա Ռամազանօղլուն, ընդգծելով, որ հայ–թուրքական գործընթացը երբեք էլ կանգ չի առել, հայտարարել է, որ պետք է ճիշտ հասկանալ «Անկարայի միջնորդական դերակատարությունը»։
«Թուրքիան ցանկանում է զարգացնել հարաբերությունները, սակայն դա բավական չէ։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը կարգավորի իր խնդիրները Ադրբեջանի հետ և դադարի մեղադրանքներ հնչեցնել Թուրքիայի հասցեին։ Մենք լավատես ենք և ցանկանում են 2011թ. լուծում տեսնել»,– ասել է Էրդողանի խորհրդականը։
SETimes-ի հետ զրույցում Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական հետազոտությունների բաժնի ղեկավար, թուրք պաշտոնաթող դիվանագետ Օմեր Էնգին Լյութեմը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Թուրքիան որոշ քայլեր է իրականացնում, մի շարք նախաձեռնություններ են ձեռնարկվում, օրինակ, Թուրքիայում հայկական եկեղեցիների վերաբացումը»,– ասել է Լյութեմը։
Իսկ Միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի ղեկավար (TURKSAM) Սինան Օղանն ու Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ժիրայր Լիպարիտյանն այնքան էլ լավատես չեն հայ–թուրքական հարաբերությունների գործընթացի առնչությամբ։
Ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գնալով ավելի են վատթարանում՝ Սինան Օղանն ասել է. «Դա կապված է ոչ թե Արձանագրությունների, այլ տված խոստումների չիրականացման հետ»։
Թուրք փորձագետը նշել է նաև, որ 2011թ. Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ հարցը կուսակցությունների ձեռքին դառնալու է գլխավոր խաղաքարտերից մեկը։
Թեմայի առնչությամբ SETimes–ին հարցազրույց տված Ժիրայր Լիպարիտյանը նշել է, որ ինքը որևէ պատճառ չունի հույսեր փայփայելու այս տարի հայ–թուրքական գործընթացում դրական զարգացումների առնչությամբ։
«Հուսով եմ՝ սխալվում եմ։ Ցավոք, այն դեպքում, երբ անհրաժեշտ էր պարզ տեքստ պատրաստել երկու պետությունների միջև հարաբերությունների վերականգնման և սահմանների բացման մասին, Հայաստանն ու Թուրքիան ցանկացան Արձանագրության փաստաթղթով բոլոր խնդիրները միանգամից լուծել»,– ասել է Լիպարիտյանը։
Բոլորովին այլ կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հյու Փոփը։ Ըստ փորձագետի՝ հայ և թուրք պաշտոնյաների միջև առկա են համեմատաբար լավ հարաբերություններ, և շփումներ են սկսվել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև։
«Երկու երկրների միջև իրանականցվում են անուղղակի առևտուր և ուղղակի չարտերային թռիչքներ։ Թվում է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական և սոցիալական մերձեցումը շարունակվում է»,– ասել է Հյու Փոփը։

No comments: