«Զի ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է օծեալ Տէր, ի քաղաքի Դաւթի»
(Ղուկ. Բ 11):
Սիրելի հավատավոր ժողովուրդ հայոց ի Հայրենիս և ի Սփյուռս,
Այսօր կրկին խնդություն ու բերկրանք է մեր սրտերում տոնախմբությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության: Մանուկ Հիսուսով Աստծո սերը մարմին առավ ու բնակվեց մարդկանց մեջ: Աստված Իր բյուր շնորհները հեղեց մարդկության վրա, բոլորի համար բացեց ճանապարհը փրկության:
«Այսօր ձեզ համար Դավթի քաղաքում ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է»: Ուրախաբեր այս լուրը ավելի քան երկու հազար տարիներ առաջ տրվեց Բեթղեհեմի հովիվներին, և պայծառ աստղը Բեթղեհեմի երկնքում առաջնորդեց արևելքի մոգերին, ովքեր ելան Տիրոջը փնտրելու և գտան խանձարուրի մեջ պարուրված Մանկանը ու ճանաչեցին, որ Տերն է, Փրկիչն Աշխարհի:
Քրիստոսի Ծնունդը այսօր ևս հրավեր է մեզ, բոլոր մարդկանց ու ժողովուրդներին` մոգերի ու հովիվների նմանությամբ գնալու դեպի Փրկիչը, Մարդասեր ու Բարերար Տերը. «Ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմ. ԼԳ 11): Տիրոջը փնտրել նշանակում է ընթանալ դեպի Աստված, ընդունել Նրա փրկարար կամքը, հետևել Նրան: Տիրոջը փնտրել նշանակում է հանդիպել, տեսնել Նրան մարդկանց կերակրելիս, բժշկելիս, մխիթարելիս, հույս, հավատ ու կյանք պարգևելիս, կեղծիքն ու երեսպաշտությունը սաստելիս, մարդկանց խաղաղության, արդարության, ճշմարտության ուղիով առաջնորդելիս: Այս ճանապարհներին Տիրոջը հանդիպողները զորանալու են, նրանց սրտերը խաղաղ, ուրախ ու երջանիկ են լինելու, նրանք չեն տարակուսելու իրենց հավատքում, և նրանց «ոչ մի բարիք չի պակասելու»: Աստված Միածին Իր Որդուն ի սեր մարդկանց առաքեց աշխարհ, որով և մարդկանց մեծագույն օրինակը մատուցեց միմյանց հանդեպ սիրո, խնամքի և հոգածության, ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելու և երկնային շնորհները հուսալու: Ճշմարիտ, աստվածօրհնյալ այս կյանքով են ապրել արդարները, մարգարեներն ու առաքյալները, հավատքի համար նահատակները, երանելիներն ու բարեպաշտները և որպես փարոս` դարերի մեջ լուսավորել դեպի Աստված մարդկության ուղին:
Արդի դարը, որ բնորոշվում է ավելի նյութապաշտությամբ ու աշխարհիկությամբ, առավել կարիքն ունի հոգևոր ներուժի, աներկմիտ հավատքի, դարձի` դեպի Քրիստոսապատվեր հոգևոր-բարոյական արժեքները, որոնցով իմաստավորվում է կյանքը և հաստատվում իր նպատակի` դեպի Աստված ընթացքի մեջ: Հարատև ու մնայուն են հոգևոր արժեքները, որոնք լուսավորել ու զորացրել են ժողովուրդների կյանքը, ծաղկեցրել մշակույթները, բարեփոխել հասարակությունները: Այսօր էլ առանց հոգևորի, առանց Աստծո` ձախողման են դատապարտված սոցիալ-տնտեսական բարեփոխումները, գիտատեխնիկական զարգացումներն ու ձեռքբերումները և մարդկային բոլոր ջանքերը` ուղղված կյանքի առաջընթացին: Արդարև, խաղաղություն, բարգավաճում, բարօրություն և ամեն բարիք մարդկությունը ի զորու պիտի լինի գտնել հոգևոր-բարոյական նորոգությամբ: «Քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև, - ինչպես Հակոբոս առաքյալն է ուսուցանում,- վերևից է իջած, լույսի Հորից» (Յակ. Ա 17):
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, մեր Հայրենիքում և ազգային կյանքում էլ ունենք բազմաթիվ խնդիրներ, որ կարող պիտի լինենք վճռել մեր հավատքից բխող շնորհներով` միմյանց հանդեպ սիրո, արդարամտության, նվիրումի ու նախանձախնդրության, հայրենասիրության ու ազգասիրության ոգու զորությամբ: Չերկնչենք դժվարություններից ու նեղություններից, Տերը մեզ համար շատ տխրություններ է ուրախության փոխել, շատ հաղթանակներ մեզ պարգևել, որոնցով այսօր քաջալեր են մեր հոգիները:
Երկյուղենք մեր պարտքի ու պատասխանատվության մեջ թերանալուց, կեղծիքից ու անարդարությունից, նույնքան նաև` անտարբերությունից: Յուրաքանչյուրս` պաշտոնյան իր դիրքում, զինվորականն իր ծառայության, հոգևորականն իր սպասավորության մեջ, հողագործն ու արտադրողը` իրենց աշխատանքում, ուսուցիչը, գիտնականը, բժիշկն ու արվեստագետը` իրենց կոչման մեջ, լինենք առավել ջանադիր, պատրաստ առավել նվիրումի ու հանձնառության, որպեսզի բարի արգասիքներ ամբարենք և Տիրոջ շնորհը առատացնենք մեր կյանքում: Ազգային և հոգևոր զորացյալ կյանքով, ամուր միասնությամբ է, որ պիտի շենացնենք մեր Հայրենիքը, բարօր դարձնենք մեր ժողովրդի կյանքը, պաշտպանենք մեր արդար իրավունքները, աներեր պահենք մեր երկրի կայունությունը, աներեր` գալիքի հանդեպ լավատեսությունը, որ մեր ժողովրդի զավակները չհեռանան Հայրենիքից, այլ` վերադառնան, որ Հայրենիքում և Սփյուռքում բազմանան հայ ընտանիքները և զավակները` հայոց ընտանիքներում:
Դժվարությունները թող արգելք չդառնան, որ հայրենի գյուղերն ու շեները բազմամարդ դառնան և ընտանեկան հարկերում մանուկների ճիչն ու խինդն ավելանան: Հարստության, հարմարավետ պայմանների կամ փարթամության մեջ չէ, որ ծնվեց Աստծո Որդին: Մեր Տերը աշխարհ եկավ համեստ ընտանիքում, որն ուներ հույսն Աստծո և խոնարհությունը` Աստծո կամքի առաջ: Ամեն մանկան հետ նոր հույս է ծնվում, նոր հեռանկար` մեր ազգի առաջընթացի ու բարգավաճման: Նրանց ձեռքերում է մեր ժողովրդի գալիքը: Նրանք պիտի շարունակեն վերածնված մեր Հայրենիքի ազատ կյանքը, ազգերի մեջ` մեր ժողովրդի ուղին` խաղաղ ու երջանիկ, առ Աստված հույսով լեցուն աշխարհի աննվազ հավատով: Հոգանք, սիրելի ժողովուրդ հայոց, որ մեր զավակները աճեն ու զորանան Աստծո Խոսքով և չվտանգվեն` ընկնելով մեր ժողովրդին խորթ և օտար, հոգեսպան գաղափարախոսությունների թակարդը: Հաստատենք նրանց առ Քրիստոս հավատքի ու հույսի մեջ, և Տիրոջ խոստումով` «կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» նրանց հոգիներում (Յովհ. Է 38), ու մարգարեի խոսքի համաձայն` «նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ` ի փառս Տիրոջ: Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերաշինեն և նորոգեն դարերից ի վեր փլված քաղաքները» (Ես. ԿԱ 3-4):
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հոգենորոգ առիթով Քրիստոսավանդ սիրով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին և հայոց պետական ավագանուն: Ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում մեր Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին և ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին: Տիրոջ ամենառատ շնորհները մաղթելով` ողջույն ենք հղում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:
Սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր ավետաբեր հրեշտակի ձայնն է հնչում մեր հոգիներին. «ծնվեց ձեզ Փրկիչ, որ օծյալ Տերն է»: Ելնենք Տիրոջն ընդառաջ` ինչպես մոգերն ու հովիվները, Բեթղեհեմյան մսուր դարձնենք մեր հոգիները` ընդունելու Մանուկ Հիսուսին: Նորածին Փրկչի սնարի առջև աղոթք բարձրացնենք, որ երկնային շնորհներով զորանան երկրի վրա խաղաղության, մարդկանց մեջ հաճության ուղիները, և մեր կյանքից չպակասի Աստծո ներկայությունը սրտով զգալու և հոգով ճանաչելու զորությունը, որպեսզի միշտ ցնծան մեր հոգիները, և մեր շուրթերը փառաբանությամբ հնչեցնեն շնորհաբեր բարի լուրը.
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Ձեզ և մեզ մեծ աւետիս:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեանն. ամէն»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment