Saturday, January 29, 2011

Սաիդ Ջալիլի. «Արևմուտքը չպետք է կրկնի Իրանի հանդեպ գործած նախկին սխալները»

Diplomat.am. 29-1-2011- Արևմուտքը պետք է հիշի Իրանի հանդեպ իր նախկին սխալների հետևանքների մասին: Այդ մասին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի և միջուկային հարցերով երկրի բանագնաց Սաիդ Ջալիլին:
«Արևմտյան երկրները չպետք է ավելի շատ սխալվեն իրենց հաշվարկներում և նախկին ուղին բռնեն», - ասել է Ջալիլին: Նրա խոսքերով, «Իրանի հանդեպ Արևմուտքի յուրաքանչյուր պատժամիջոց նրան թանկ կարժենա»:
2010 թ. հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 1929 բանաձևը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի և ԵՄ-ի բոլոր երկրների արտգործնախարարների կողմից հավանության արժանացած լրացուցիչ միակողմանի պատժամիջոցները, հիմնականում ուղղված են Իրանի բանկային, ֆինանսական և էներգետիկական հատվածների դեմ: ԵՄ-ի կողմից կիրառված սահմանափակումները իրենց մեջ են ներառում` Իրանի էներգետիկական հատվածին սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների վաճառքի արգելք: Այդ միջոցների տակ է անցնում նաև նավթավերամշակման արդյունաբերությունը: Արգելվում է նաև Իրանի էներգետիկական հատվածում նոր ներդրումներ կատարել: Ներդրումների բացակայության հետևանքով երկրի արտադրական հզորությունը նվազում է, հետևաբար, Իրանը չի կարող արդյունավետորեն ավելացնել արտադրությունը:
Եվրոպական մի շարք բանկեր հրաժարվում են իրանցիների համար վարկային գիծ բացել, այդ իսկ պատճառով նրանք ստիպված են կանխիկ դրամական վճարումներ կատարել: Բացի այդ, արգելք է դրված Իրանին որոշ ապրանքատեսակներ վաճառել:

No comments: