Saturday, January 22, 2011

Քաղաքագետ. Ռազմական շանտաժն Ադրբեջանի ձեռքում մնացած միակ ռեսուրսն է

News.am. 22-1-2011- Ադրբեջանը մոտ ժամանակներս պատերազմ չի սկսի՝ հաշվի առնելով շփման գոտում առկա ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը նշան են ոչ թե մոտալուտ պատերազմի, այլ միջոց՝ ռազմական շանտաժ, որով այդ երկիրը փորձում է ազդել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ միջազգայն հանրության վրա՝ բանակցային գործընթացից զիջումներ կորզելու նպատակով։ Ռազմական շանտաժը Ադրբեջանի ձեռքում մնացած միակ ռեսուրսն է եւ պատերազմի մասին խոսելը կամ ռազմաշունչ հայտարարություններ անելը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը այլ լծակներ չունի»,- կարծիք հայտնեց փորձագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ Բաքվում լավ են գիտակցում պատերազմի գինը եւ դրա համար էլ այս առումով վերջնական որոշում չի կայացվում։ Մինասյանը նաեւ նշեց, որ միջազգային հանրությունը միտված է պահպանել Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն։ «Գերտերություններն ու արտաքին ուժերն այս առումով շահագրգռվածություն, անշուշտ ունեն»,- համոզմունք հայտնեց նա։
Ասուլիսի մյուս բանախոս, փորձագետ Մանվել Սարգսյանն էլ նկատեց, որ Ադրբեջանն, իր կողմից վարվող քաղաքականությամբ, փորձում է ստեղծել համապատասխան իրավիճակ, որպեսզի ստանա պատերազմ վերսկսելու միջազգային հանրության «դաբրոն»:
«Լավ կլիներ, որ մենք անեինք հետեւություններ եւ անհրաժեշտ քայլեր, որոնք իրավական հավասարակշռությունը կթեքեին Հայաստանի կողմը։ Պետք է համոզել աշխարհի երկրներին պաշտպանել հակամարտության շուրջ մեր դիրքորոշումները։ Սրա համար բավական ձեռնտու է նմանատիպ խնդիրներ ունեցող երկրների, ինչպես օրինակ, Կիպրոսի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ Ղարաբաղի անկախությունը Հայաստանի կողմից ճանաչել-չճանաչելու հարցում հստակություն մտցնելը»,-ամփոփեց փորձագետը։

No comments: