Tert.am. 13-1-2011- Ամերիկյան հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել աշխարհի երկրների ազատությունների վերաբերյալ: Զեկույցը կոչվում է «Ազատությունն աշխարհում 2011թ.: Ավտորիտար մարտահրավեր ժողովրդավարությանը» (Freedom in the World 2011: The Authoritarian Challenge to Democracy): Ըստ զեկույցի` երկրների և պետական կազմավորումների վարկանիշները որոշվում են ըստ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների: Ըստ այդմ` երկրները դասակարգված են երեք կարգի` «ազատ», «մասամբ ազատ» և «անազատ»:
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, բացառությամբ բալթյան երկրների (որոնք համարվում են «ազատ» երկրներ), «մասամբ ազատ» դասակարգման տակ են ընկնում Հայաստանը, Վրաստանը (այդ թվում` Աբխազիան, բայց ոչ` Հարավային Օսիան), Ուկրաինան, Մոլդովան և Մերձդնեստրը: Ուշագրավ է, որ Լեռնային Ղարաբաղը դասակարգված է որպես «անազատ» երկիր: Ռուսաստանը և ԱՊՀ մնացած երկրները համարվում են «անազատ»:
Freedom House-ի գնահատականով` «անազատ» երկրների թիվը մեկ տարվա ընթացքում չի փոխվել` 47 երկիր, որտեղ ապրում է 2.5 միլիարդ մարդ, որոնց շուրջ կեսը` Չինաստանում: «Ազատ» է համարվել 87 երկիր: Այս դասակարգումը լքել են Ուկրաինան և Մեքսիկան: «Մասամբ ազատ» է համարվել 60 երկիր:
Զեկույցն առանձնացնում է ինը երկիր, որտեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հետ կապված իրադրությունն առավել բարդ է: Այդ երկրներն են Բիրման, Հասարակածային Գվինեան, Էրիտրեան, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: Այդ ցուցակում է նաև Տիբեթը` որպես առանձին տարածք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment