Saturday, January 15, 2011

Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությունը թերագնահատվում Freedom House-ի կողմից

Ներկայացնում ենք Հանրային Քաղաքականության Ինստիտուտի տնօրեն, փորձագետ Հովհաննես Նիկողոսյանի տեսակետը` 2010-ին աշխարհում մարդու իրավունքներին և ժողովրդավարական զարգացումների մասին `Freedom House-ի կողմից հրապարակված զեկույցի վերաբերյալ:
Freedom House-ի նոր տարեկան զեկույցը, որը միտված է վերլուծելու 2010-ի տենդենցները, բացահայտում է, որ նախկին Սովետական Միության տարածաշրջանը, միակ բացառությամբ Բալթյան երկրների, շարժվում է ավտորիտար կառավարման կանոններով:
Ըստ Freedom House-ի, ճշմարտությունն այն է, որ 2001թ-ից սկսած այս տարածաշրջանը արձանագրում է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների շարունակական անկում:

Գրեթե ամեն ինչ կարելի էր կանխագուշակել, բայց, թերևս ես զարմացած եմ` տեսնելով Լեռնային Ղարաբաղին տրված գնահատականը: Ինչպես դուք, հավանաբար, արդեն նկատած կլինեք` ԼՂՀ-ն առաջին անգամ ընդգրկվել է «ոչ ազատ» երկրների ցուցակում, իր նախկին մետրոպոլիա` Ադրբեջանի հետ միասին:

Իմ կարծիքով` այս արդյունքի հետևում պատճառների խառնուրդ է թաքնված: Մինչ դրան անցնելը, ես կցանկանայի ուշադրություն հրավիրել Անկախ Ամերիկա-Հոլանդական Մոնիտորինգի Պատվիրակության կողմից կազմած զեկույցին, որը հրապարակվել է Ղարաբաղի` 2010թ. մայիսին կայացած Խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի ավելի խորը դառնա զարմանքը, թե Freedom House-ը որտեղից է ստացել այդ բացասական գնահատականը: Այդ զեկույցում նշված է, որ ընտրությունները եղել են «ազատ, արդար և թափանցիկ», դրանք համապատասխանել են ազգային օրենսդրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին: Զեկույցը նաեւ փաստել է, որ «Լեռնային Ղարաբաղը շարունակում է իրականացնել զգալի առաջընթաց երկրում հաստատելու կայուն և առողջ ժողովրդավարություն»:

Այսպիսով, եթե Freedom House-ը իրար կողք դներ ոլորտի բոլոր զեկույցները, նրանք երբեք չէին հանգի այնպիսի եզրակացության, որով իջեցվեր ԼՂՀ ժողովրդավարության կարգավիճակը, այլ ընդհակառակը կլիներ:

Այս ամենը հաշվի առնելով` ես կպնդեի, որ Freedom House-ի գնահատականը ավելի շուտ նման է Լեռնային Ղարաբաղի ցուցանիշները մի ինչ որ «հավասարման» մեջ դնելուն, որի միջով երեւի բոլոր այլ երկրներն են անցկացվել` առանց հաշվի առնելու իրական քաղաքական իրադրությունը և այլ գործոնները, որոնք կարևոր ազդեցություն կունենային Ղարաբաղի դեպքում:

Ահա թե ինչ նկատի ունեմ.

Հայտնի է, որ ԼՂՀ-ի 2010թ-ի ընտրությունները զիջում էին իրենց մրցունակությամբ, քանի որ ընդդիմությունը թերի էր ներկայացված այնտեղ: Արդյունքը եղավ այն, որ, եթե ես չեմ սխալվում, այսօր ԼՂՀ խորհրդարանում ներկայացված է ընդամենը մեկ ընդդիմության ներկայացուցիչ: Եվ ես կարծում եմ, որ Freedom House-ի փորձագետները հաշվի են առել հենց այս հանգամանքը, և թյուր հետևություն արել, որ ԼՂ-ում գրանցվել է ժողովրդավարության անկում:

Այդ փորձագետները և Freedom House-ը, փաստորեն, ժամանակ չեն ունեցել խնդիրը խորապես ուսումնասիրել և բացահայտել, որ Ղարաբաղի ընդդիմության ներկայացուցիչները իրենք են մերժել մասնակցել ընտրություններին, ինչի պատճառները թերևս իրենք իսկ կիմանան: Հավանաբար նրանք պատրաստ չէին արդյունավետ մասնակցություն ցուցաբերել և ընտրել էին ամենահեշտ տարբերակը` ընտրություններին կողքից հետևելու և քննադատելու Կառավարությանը և նոր Խորհրդարանին, առանց չնչին իսկ ջանքի` մասնակցելու քաղաքական կյանքին:

Փոխարենը` չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունի Ընտրական Օրենսգրքում որոշակի ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունեցել, նախքան ընտրությունները: Քաղաքական կուսակցությունների համար ընտրության ընդհանուր շեմը իջեցվել է 10-ից մինչեւ 6%, իսկ քաղաքական դաշինքների համար`15-ից մինչեւ 8%, այսպիսով ավելի շատ հնարավորություն տալով փոքր քաղաքական միավորումներին` մասնակցություն ունենալ ընտրություններին:
Այսպիսով, Freedom House-ի զեկույցը ավելի շատ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, քան Ղարաբաղի ժողովրդավարության իրական խափանմանը:

Ամեն դեպքում, ես պատրաստ չեմ Freedom House-ի անաչառությանը մարտահրավեր նետելու, քանի որ շատերի կարծիքով, նրանք ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցում մոնիտորինգի ճանաչված եւ արժանահավատ աղբոյւր են: Ես հուսով եմ, նրանք շուտով կուղղեն իրենց, քանի որ Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ռ. Ավետիսյանը նամակ է հղել այս առնչությամբ` Ղարաբաղի քաղաքական քարտեզի համակողմանի ներկայացմամբ:
«Լրագիր» 15-1-2011

No comments: