Tuesday, February 15, 2011

Վեհափառի երեւանյան նստավայրի շինարարությունը կմեկնարկի մարտ 1-ին

News.am. 15-2-2011- Գարեգին Բ Կաթողիկոսի՝ Երեւանում կառուցվելիք նստավայրի եւ դրան կից Սուրբ Աննա եկեղեցու շինարարության համար հայտարարված տենդերի արդյունքներն ամփոփման փուլում են. կառուցապատող ընկերության անունը, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա արդեն փետրվարի 20-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Հրայր Հովնանյանի անձնական ներկայացուցիչ Նաիրա Մելիքյանը՝ ավելացնելով, որ տենդերին մասնակցել են բացառապես հայրենական 7 շինարարական ընկերություններ։
«Հետ հանձնված բոլոր փաթեթներն ուսումնասիրվում եւ մշակվում են, տենդերի արդյունքների ամփոփման աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ կաթողիկոսական նստավայրի եւ կից եկեղեցու շինարարությունը կմեկնարկի 2011 թվականի մարտ 1-ին։ «Կառուցապատումը կավարտվի 2-2,5 տարում, շինթույլտվությամբ մեզ ճիշտ այդքան ժամանակ է տրվել»,- ասաց Նաիրա Մելիքյանը։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը Աբովյան 15 հասցեում՝ Կաթողիկե մատուռի տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու կառուցման շինթույլտվություն տրամադրել էր դեռ 2010 թվականի դեկտեմբերի կեսերին։

No comments: