Tuesday, February 15, 2011

ԿԱՋԱԿՑԻ՞ ՄՈՍԿՎԱՆ ԱԼԻԵՎԻՆ

«Լրագիր» 15-2-2011- Ռուսաստանը բավական հետաքրքիր է արձագանքել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների հայտարարություններին` Եվրոպայում մուլտիկուլտուրիզմի տապալման մասին: Նախագահ Մեդվեդեւը հանդիպել է մահմեդական առաջնորդներին ու հայտարարել, որ մուսուլմանները Ռուսաստանում եկվոր չեն եւ որ Ռուսաստանը նրանց հայրենիքն է:
Հիշեցնենք, որ Մերկելը, Կեմերոնը եւ Սարկոզին հայտարարել էին, որ Եվրոպան այլեւս հանդուրժող չի լինելու այլ երկրներից, հիմնականում` մահմեդական, ներգաղթյալների հանդեպ` ի վնաս ազատության ու հավասարության եվրոպական արժեքների: Դա հնչեց որպես արմատական ուժերի մեկուսացման ու վտարման հնարավորության զգուշացում: Իրավիճակը խորացավ նրանով, որ արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններից հետո Իտալիան հեղեղվեց հազարավոր անլեգալներով:

Իսկ ռուսական հեռուստատեսությունը մուսուլմանների հանդեպ սիրո նոր ալիքի ֆոնին ցուցադրեց Չեչնիայի նախագահ Կադիրովին ատրճանակով կրակելիս: 20-25 րոպեանոց ֆիլմի ընթացքում Կադիրովը ձեռքին էր պահում ատրճանակը եւ հայտարարում, թե դրանից հեշտ է կրակել, եւ դրանից ունեն իր բոլոր հրամանատարները: Հետո ցուցադրեցին ավանդական լեզգինկան եւ ձիարշավարանը, դրանով «ապացուցելով», որ Չեչնիայի առաջնորդի հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է հրաձգությամբ, ձիերով ու լեզգինկայով:

Ընդհանուր առմամբ, ռուսական հեռուստատեսությունը բավական չարախնդությամբ արձագանքեցին Եվրոպայում մուլտիկուլտուրիզմի տապալմանը: Ըստ ամենայնի, առիթից օգտվելով, Ռուսաստանը ցանկանում է իր կողմը քաշել մարդկության մուսուլման կեսին եւ կտրել նրան Արեւմուտքից: Սակայն արդյոք Ռուսաստանն ի վիճակի կլինի զսպել մուսուլման առաջնորդների ու բիզնեսմենների աճող ազդեցությունն իր երկրում: Կաջակցի՞ արդյոք այլ երկրներում իսլամական ռեժիմներին:

Այս ֆոնին հետաքրքիր է Ադրբեջանի հանդեպ Արեւմուտքի ու Ռուսաստանի դիրքորոշումների փոփոխությունը: Ամերիկյան կառավարությունը կրկին զգուշացրեց իր քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկության սպառնալիքից, կարծես ակնարկելով, որ Բաքվում էլ կարող է լինել «ցասման օր»: Ինչպե՞ս լվարվի Ռուսաստանը. Արդյոք կաջակցի Ալիեւի ռեժիմին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: