Wednesday, February 16, 2011

Քաղաքագետ. Հայ-թուրքական արձանագրությունները սառեցված են, բայց մեռած չեն

Diplomat.am. 15-2-2011- Հայ-թուրքական արձանագրությունները սառեցված են, բայց դրանք մեռած չեն: Այդ մասին այսօր հայտարարել է թուրք քաղաքագետ Բեհլյուլ Օզկանը: Նրա խոսքերով, մոտ ժամանակներս գործընթացը կարող է վերսկսվել:
Թուրք փորձագետի կարծիքով, հայ-թուրքական սահմանը ԼՂ հակամարտության պատճառով չէր փակվել` չէ որ Հայաստանի անկախության առաջին տարիներին այն բաց էր: Նրա խոսքերով, սահմանը փակել են այն ժամանակ, երբ «հայկական կողմը սկսեց «Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող տարածքներ զավթել»: Սահմանի բացման համար անպայման չէ վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը, այլ բավական է ԼՂՀ-ի շուրջ ադրբեջանական տարածքները որոշել: Ես համոզված եմ, որ եթե ադրբեջանական հողերի հարցը տեղից շարժվի, ապա սահմանի բացման հարցը ավելի հեշտ կորոշվի», - հայտարարել է թուրք քաղաքագետը: Ընդ որում, նա չի պարզաբանել, թե որ տարածքների մասին է գնում խոսքը, քանի որ, նրա խոսքերով, Թուրքիան գիտակցում է հողատարածքների վիճելիությունը, որոնք կարևոր ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար:

Քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Ռուսաստանը հաղթողի դերում կլինի: «Հայաստանը Ռուսաստանի համար ամենանշանակալից դաշնակիցն է և նա գիտի, որ եթե սահմանը բացվի, ապա դաշնակիցը կհայտնվի տնտեսապես առավել շահավետ իրավիճակում, հետևաբար, Ռուսաստանը հանդես է գալիս Հայաստանի ուժեղացման օգտին», - գտնում է Բեհլյուլ Օզկանը:

No comments: