Sunday, February 13, 2011

Թուրքիայի նախագահը փետրվարի 14-ին ժամանելու է Թեհրան

«Արաքս» շաբաթաթերթ, 13.02.2011: ԻԻՀ նախագահ դոկտ. Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական հրավերով, երկուշաբթի, փետրվարի 14-ին, երեքօրյա այցով, Թեհրան է ժամանելու Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Այս մասին տեղեկացնում է ԻԻՀ արտգործ նախարարության խոսնակ Ռամին Միհմանփարաստը:
«Երկկողմ հարաբերությունների եւ համագործակցությունների ընդլայնումն ու նաեւ միջազգային եւ շրջանային խնդիրների քննարկումը կազմելու է կողմերի միջեւ կայանալիք երկխոսությանց առանցքը», ասել է Միհմանփարաստը:
Հատկանշական է որ սա Գյուլի, որպես Թուրքիայի նախագահ, անդրանիկ այցն է Իրան, որի ընթացքում նա Թեհրանից բացի լինելու է նաեւ Սպահան եւ Թավրիզ քաղաքներում: Թուրքիայի նախագահին այս ճամբորդության ընթացքում ընկերակցելու են հինգ նախարար ու նաեւ պետական պաշտոնյաների, առեւտրականների, գործարարների եւ լրագրողների 300 հոգանոց խումբ:
Ըստ Արեւելյան Ատրպատականի նահանգապետ՝ Ահմադ Ալիռեզաբեյգիի, Գյուլը երեքշաբթի փետրվարի 15-ին, մեկօրյա այցով, մեկնելու է Թավրիզ, ուր եւ մոտիկից ծանոթանալու է նահանգի արհեստա-տնտեսական բնագավառներում արձանագրած զարգացումների հետ:
Թավրիզում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսված է ստորագրել որոշ համաձայնագրեր:
Քաղաքագետների գնահատականով, այս օրերին, Գյուլի ճամբորդությունը Իրան չէր կարող սահմանափակվել միայն երկկողմ հարաբերությունների շրջանակում, քանզի մեկ կողմից արաբական աշխարհում տիրող տագնապի դիմաց չեն կարող իրենց աչքերը փակել շրջանի երկու ազդեցիկ երկրները, մանավանդ որ երկուսն էլ իրենց հատուկ ազդեցությունն ունեն տեղի ունեցող անցուդարձերում, իսկ մյուս կողմից թուրք-ադրբեջանական հակաիրանական քայլերը ու նաեւ ԻԻՀ պաշտպանության նախարարի նախկին օգնական Ալիռեզա Ասկյարիի առեվանգումը Ստանբուլում, որից ցայժմ որեւէ լուր չկա, դժվար թե մոռացության տրվեն Իրանի ղեկավարության կողմից, հենց դրանից էլ ենթադրվում է որ Գյուլի խնդրանքով կայագող Թավրիզ այցելությանը ավելացել է նաեւ Սպահան այցելելու ծրագիրը, որին կարող է լիիրավ լրացնել այդ քաղաքի զարդերից համարվող հայոց Ս. Ամենափրկիչ վանքի այցը, ուր կագնեցված է Հայոց Ցեղասպանության հուշակոթողը:

No comments: