Monday, February 14, 2011

Հայաստան-Իրան նավթամուղը կշահագործվի 2014 թվականին

Առաջիկայում Իրանը օրական 1.5 մլն լիտր բենզին և դիզվառելիք կառաքի Հայաստան: Այս մասին հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը` հղում անելով երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Ըստ համաձայնագրի` Իրանը օրական 750 հազար լիտր բենզին և 750 հազար լիտր դիզվառելիք կմատակարարի Երևանին»,- աղբյուրի համաձայն հայտարարել է նավթի փոխնախարար և Իրանական նավթի և վերամշակման ու իրացման ազգային կազմակերպության (NIORDC) կառավարման տնօրեն Ալիռեզա Զեյքանին:
Գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա հունվարի վերջին Իրանի նավթի նախարար Մասուդ Միր Քազեմին հայտարարել էր, որ Իրանն ու Հայաստանը ծրագրում են նոր նավթամուղ կառուցել, որը կմեծացնի Հայաստան իրանական էներգակիրների առաքման ծավալը: Նախարարը հայտնել էր նաև, որ խողովակաշարը սկիզբ կառնի իրանական Թավրիզ քաղաքում և կձգվի մինչև Հայաստանի սահմանը: Մասուդ Միր Քազեմին նաև հույս էր հայտնել, որ ենթակառուցվածքի գործարկման արդյունքում Հայաստանը կմեծացնի Իսլամական հանարպետությունից ներկրվող էներգակիրների սպառման ծավալը:

«Ֆարս» գործակալությունը հաղորդում է նաև, որ 8 դյույմ (203 մմ) տրամագծով և 365 կմ երկարությամբ խողովակաշարը պատրաստ կլինի արդեն 2014 թվականին: Իրանական լրատվամիջոցը նաև արձանագրում է, որ Հայաստանն ու Իսլամական Հանրապետությունն ընդլայնել են համագործակցությունը նաև բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարման ոլորտում:

No comments: