Monday, February 14, 2011

ԷԼԻՏԱՅԻ “ԿՅԱՆՔՆ ՈՒ ՄԱՀԸ”

«Լրագիր» 14-2-2011- Հայտարարված բարեփոխումների կուրսը Հայաստանում ակնհայտորեն ձախողվում է: Որ ոլորտին որ ձեռք է տալիս իշխանությունը եւ հայտարարում, թե էապես նոր որակի եւ մոտեցման անցնելու գործընթաց է սկսվում, այդ ոլորտում անմիջապես նոր խնդիրներ են առաջանում հասարակության համար: Բարեփոխումների կուրսի ամեն մի նոր օր ոտքի է հանում հասարակության մի նոր շերտ, առաջացնում է հանրային տարբեր խմբերի եւ շերտերի կյանքի նորանոր դժվարություններ: Միակ խավը, շերտը կամ խումբը, որի համար բարեփոխումների կուրսը դժվարություն կարծես թե չի հարուցել, Հայաստանի այսպես կոչված “էլիտան” է:
2008 թվականի նախագահի ընտրությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտնվեց իշխանության ղեկին, հռչակվեց բարեփոխումների, նորարարությունների, նոր մոտեցումների քաղաքական կուրս: Այն մինչ այժմ էլ հռչակվում է: Բայց այդ կուրսը ակնհայտորեն տապալվում է, որովհետեւ հասարակությունն ակնհայտորեն չի զգում դրա արդյունքը, դրա ազդեցությունը: Ավելին, մարդիկ սկսել են նորանոր խնդիրներ ունենալ կենսագործունեության տարբեր ոլորտներում: Հռչակված կուրսի շնորհիվ ընդլայնվում են ոչ թե փոքր ու միջին բիզնեսով զբաղվող մարդկանց, այլ օրինակ սուպերմարկետների տերերի հնարավորությունները:
Իրականում պատճառն այն է, որ իշխանությունը բարեփոխման կուրսը, կամ այսպես կոչված երկրորդ սերնդի բարեփոխումները թարս է սկսել, գլխիվայր: Այդ կուրսի հիմքում դրվել է այն տրամաբանությունը, որ կյանքը փոխելու համար պետք է հասարակությանը փոխել, պետք է մարդկանց ստիպել, որ նրանք դրսեւորեն այլ վարքագիծ, ունենան այլ աշխարհայացք, այլ արժեհամակարգ: Իսկապես, այդ խնդիրը Հայաստանում արդիական խնդիր է: Բայց դրա լուծումը պետք է սկսել ոչ թե պոչից, ինչը այժմ անում են “երկրորդ սերնդի” բարեփոխումների հետեւորդները, այլ գլխից:

Պետք է նախ էլիտա կոչվածը փոխել, էլիտա կոչվածի կյանքը, մտածողությունը, արժեքները փոխել, ընդ որում շատ արագ: Երբ “առաջին սերնդի” բարեփոխումների պարագայում հասարակության զգալի մասը տուժում էր, զգում էր տրանսֆորմացիայի ցավագին ազդեցությունը, դա հասկանալի էր: Ի վերջո, երկիրը մի ֆորմացիայից անցնում էր մյուսին, եւ բարեփոխումներն անկասկած հարվածելու էին հանրային լայն խավի շահին, կենսակերպին, առավել եւս, երբ դրանք իրականացվում էին պատերազմական կամ հետպատերազմական պայմաններում:

Բայց երբ կրկին, ոչ թե էլիտայի, այլ նույն հասարակության լայն խավերի վրա է ընկնում նաեւ “երկրորդ սերնդի” բարեփոխումների ծանրությունը, դա արդեն տարօրինակ է եւ մեղմ ասած անհասկանալի: Ժամանակն է, որ տեղի ունեցող անցումների եւ տրանսֆորմացիաների պատասխանատվությունը եւ ծանրությունը դրվի էլիտա կոչվածի վրա: Անցյալ տարիների ընթացքում այդ էլիտա կոչվածը բավականաչափ նյութական եւ ֆիզիկական ռեսուրսներ է կուտակել եւ այժմ “վճարունակ” է ու կարող է ստանձնել բարեփոխումների համար սահմանված գինը “վճարելու” պարտականությունը:

Սակայն իշխանությունը, այսինքն հենց այդ էլիտան, ոչ թե փորձում է մտնել իր գրպանը, այլ ամեն ինչ անում է բարեփոխումներն առավելապես հասարակության գրպանից ֆինանսավորելու համար: Բոլորի համար հասկանալի է իհարկե, թե ինչու է հայաստանյան էլիտան այդպես վարվում: Բանն այն է, որ դրա ներկայացուցիչներն ինքնին չեն մտնի իրենց գրպանը: Դրա համար պետք է, որ էլիտա կոչվածի ամենավերին շերտը կազմող մի քանի անձը կայացնեն քաղաքական լուրջ որոշում եւ ձեռնամուխ լինեն դրա իրականացմանը:

Բայց հենց այդ անձանց մտածողության, արժեքային համակարգի հարցն էլ ամենաարդիականն է Հայաստանում: Նրանցից քանիսը եւ ինչքան են անկեղծ իրենց իսկ բարենորոգչական հռչակումներում, էլիտա կոչվածին սթափության կոչ անող իրենց խստաշունչ ելույթներում: Կյանքը ցույց է տալիս, որ անկեղծ չեն: Այլապես բարեփոխումների “երկրորդ սերնդի” գինն արդեն ոչ թե հասարակությունը, այլ իրենց իսկ ղեկավարած էլիտան կտար:

Իսկ ինչ է դա նշանակում: Ամենեւին ոչ այն, որ էլիտան ինչ որ մեկին պետք է փող տա բարեփոխումների համար եւ ՀԴՄ կտրոն պահանջի: Դա նշանակում է, որ էլիտա կոչվածը պետք է աստիճանաբար հրաժարվի իր հնարավորությունների մի մասից, դրա փոխարեն ձեռք բերելով շատ ավելի կարեւոր մի բան. հանգիստ լինելու հնարավորությունը: Այդ հնարավորությունը ենթադրում է, որ էլիտա կոչվածի համար իշխանական լծակներն այլեւս չեն լինի “կյանքի ու մահվան” հարց, հաճախ նույնիսկ բառի բուն իմաստով:

Որեւէ էլիտա հենց այդպես չի հրաժարվում իր հնարավորություններից, լծակներից: Պարզապես հարցն այն է, թե ինչպես են մտածում էլիտաները, դրանց առաջնորդները, ինչ արժեքներով են ապրել, ապրում: Շատ երկրներ քաղաքակրթական ձեռքբերումների, արդիականության եւ մրցունակության բարձր մակարդակի են հասել այն պատճառով, որ գիտակցել են այդ հանգստության կարեւորությունը, գիտակցել են, որ ոչնչի պետք չէ այն իշխանությունը, որը մշտապես “կյանքի ու մահվան” ռեժիմում է, որովհետեւ արտաքինից ամենակառավարելին թվացող այդ իշխանակարգն իրականում ամենաանկառավարելին եւ անկանխատեսելին է:

Մուբարաքը թերեւս կհաստատի, եթե դուրս գա կոմայից: Թեեւ հենց դրա մեջ լինելով էլ արդեն հաստատում է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: