Friday, February 18, 2011

ԲՐԱՅԶԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԴԵՐՈՒՄ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՙ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ»

«ԱԶԳ», 18-02-2011- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել մարտի 5-ին Սոչիում: Այս մասին, ըստ «Թրենդ» գործակալության, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերին իր հավատարմագրերը հանձնելուց հետո:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կարող էր լինել Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում նախատեսված քննարկումը, որը տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանի նախագահն արագ ու անխոս «դիմեց փախուստի»` հնգակողմ հայտարարություն ստորագրելուց անմիջապես հետո: Ուստի նախագահների մակարդակով կայացած վերջին հանդիպումը մնաց Աստրախանի` ՌԴ նախագահի մասնակցությամբ անցկացված քննարկումը:
«Իմ ներկայիս պաշտոնում ամեն ինչ կանեմ, որ օգնեմ համանախագահներին բանակցություններում: Հիմնական նպատակը երկկողմ փոխզիջումների հիման վրա երկարաժամկետ խաղաղության հասնելն է», ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը:
Բրայզայի խոսքերով, ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերից ոչ մեկն ավելի կարեւոր չէ, քան ղարաբաղյանը: ԱՄՆ դեսպանը վստահություն է հայտնել, թե «գոյություն չունի ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ճանապարհ»: Բրայզան իրեն հատուկ «պարզամտությամբ» տեղեկացրել է, որ հենց դա էլ համանախագահների խնդիրն է, այսինքն` անել այնպես, որ հակամարտության ռազմական ելքը չօգտագործվի:
Որ որպես ԱՄՆ դեսպան Բրայզան շահագրգռված է իր նպաստը բերելու հակամարտության կարգավորմանը, կարելի է ընդունելի համարել, սակայն Բրայզայի վարքագիծը որպես «համանախագահի» թերեւս հարց պետք է առաջացնի հենց նրա գործընկերոջ համար:
Ամեն դեպքում, տրամադրած տեղեկություններին զուգահեռ առավել, հետաքրքրական է, որ Բրայզան անդրադարձել է նաեւ իր նշանակմանը, նշելով, թե ԱՄՆ-ի նախագահի կողմից «դեսպանին ինքնուրույն նշանակելը խոսում է ԱՄՆ-ի համար Ադրբեջանի մեծ նշանակության մասին»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: