Tuesday, February 22, 2011

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին` 8 հայ թեկնածու

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններին ընդառաջ թուրքական կուսակցություններն իրենց ցուցակներում ընդգրկում են նաև հայ թեկնածուներ, որպեսզի ավելի շատ ձայներ հավաքեն, հայտնում է Zaman-ը:
Մասնավորապես, թուրքական թերթը նշում է, որ հայ թեկնածուների թվով առաջատարն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է (AKP): Վերջինս իր նախնական ցուցակներում ընդգրկել է 5 հայ թեկնածուի: Մելքոն Քարաքյոսեն, Թաթյոս Բեբեքը, Մարգար Եսայանը, Ջերի Խրիմյանը, ինչպես նաև Պոլսի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայկական արմատներն ու Ցեղասպանությունն ուրացած Պետրոս Շիրինօղլուն ընդգրկվել են Էրդողանի գլխավորած կուսակցության թեկնածուների շարքում:
Իշխող կուսակցության հիմնական մրցակիցը` քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն (CHP) իր ցուցակներում ընդգրկել է մեկ հայ թեկնածուի` Արև Ջեբեջիին:
Ձախաթևյան ուժերի կողմից համակրանք վայելող Հայկո Բաղդատը մոտ է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելուն:
Ուշագրավ է նաև այն, որ հայ թեկնածու ունի «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP): Ազգայնական հայացքներով հայտնի կուսակցությունը կառաջադրի Գեղամ Կարապետյանի թեկնածությունը:
Այսպիսով, 45 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կարող է հայկական համայնքի ներկայացուցիչ հայտնվել:
Նշենք, որ հանրապետական Թուրքիայի ամբողջ պատմության (1923-ից մինչ մեր օրերը) ընթացքում մեջլիսում եղել է ազգային փոքրամասնությունները ներկայացնող 23 պատգամավոր, որոնցից 6-ը եղել է ազգությամբ հայ:
Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ պատգամավորը Պերճ Քերեստեջիյանն է եղել, ով մեջլիսում աթոռ է զբաղեցրել 1935-46 թթ-ին, իսկ վերջին անգամ պատգամավորական մանդատ է ունեցել Պերճ Սադաք Թուրանը (1961-64 թթ):
Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք կայացել են 2007 թ-ին, հայ թեկնածուներ էին առաջադրել «Ժողովրդավարական» կուսակցությունը` Եփրեմ Բաղին ու «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը` Գերբո Թոքգյոզը: Վերջինս թեկնածու էր ներկայացվել Մարդինում, ուր նրա հաղթանակի հնարավորությունները չնչին էին:

No comments: