Friday, February 25, 2011

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ 878 ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ

«ԱԶԳ», 25-02-2011- Երեկ Ադրբեջանի` Ռազմագերիների ու պատանդերի պետական աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրիդուն Սադիգովը տեղի ANS TV-ին տված հարցազրույցում ցնցող հայտարարություն է արել: Ըստ նրա` «Ադրբեջանը տիրապետում է փաստերի, որ այսօր Հայաստանում են պահվում ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած 4049 ադրբեջանցիներից 878-ը»: Սադիգովը հավելել է. «Մենք չենք տիրապետում լրացուցիչ ինֆորմացիայի, թե որտեղ են նրանք պահվում, սակայն, մեր ունեցած փաստերը, որ նրանք այս պահին Հայաստանում են, քննարկման ենթակա չեն»: Ինչ է ստացվում. ադրբեջանական վերոհիշյալ աշխատանքային խումբը հստակ գիտի, որ մեր երկրում այսօր գտնվում են կոնկրետ 878 ադրբեջանցիներ, չի նշվում «մոտ 800» կամ «800-ից ավելի», այլ հենց` 878: Սա նշանակում է, որ, եթե այդ ադրբեջանցիներն իրոք Հայաստանում են, ու Ադրբեջանում այդ մասին «կան անառարկելի փաստեր», ապա Սադիգովի խումբը նաեւ պետք է հստակ ունենա գոնե մոտավոր տվյալներ, թե որտե՞ղ են նրանք գտնվում: Մյուս կողմից. ո՞վ պետք է Սադիգովին տեղեկացրած լինի ռազմագերի ադրբեջանցիների մասին հայ-ադրբեջանական գործող հակամարտության պայմաններում: Իհարկե, որեւէ չեզոք, միջազգային համապատասխան աշխատանքներով զբաղվող խումբ: Իսկ այդպիսին եղել է ՌԴ-ի, Եվրոպայի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների կազմով, ժամանակին գործում էր նման խումբ, որը, սակայն, ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում, ոչ Ադրբեջանում որեւէ կողմից ռազմագերի չի հայտնաբերել: Իսկ Սադիգովը երեկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմը 1994-ից արդեն բարձրաձայնում է, որ «Հայաստանում կան հենց 878 գերիներ»: «Փաստորեն` Ադրբեջանը 1994-ից գիտի, որ Հայաստանում պահվում են 878 ադրբեջանցիներ, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկել նրանց հայրենիք վերադարձնելու համար»: Հենց այս կարծիքին է ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն, որը «Զերկալո»-ին տված հարցազրույցում ադրբեջանական այս «անտարբերությանը» նախ չի հավատացել, ապա եւ` «անսիրտ գործողություն» է որակել: Ալիզադեն նույնիսկ խորհուրդ է տվել Սադիգովին այցելել Հայաստան ու որեւէ տեղ գտնել գոնե 8 ադրբեջանցու. «Եթե այս աշխատանքային խումբը այդ քայլը չիրականացնի, ապա ես հիմք կունենամ կարծելու, որ նրանց ինֆորմացիան կամ կեղծ է, կամ էլ այս ամենը հերթական զենքն է նրանց ձեռքին քարոզչական պատերազմում», եզրափակել է ադրբեջանցի վերլուծաբանը:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: