Tuesday, February 22, 2011

Երբ հարկ լինի, Օհանյանը Աբիևին կհիշեցնի 93-ի իր ասածները

Panorama.am. 22-2-2011- Այսօր ԵՊՀ-ում համալսարանականների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հիշեց 1993 թվականի մարտը, երբ ինքը Հայաստանի ՊԲ շտաբի պետ էր ու հանդիպել էր Ադրբեջանի ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ` քննարկելու ԼՂ շուրջ անվտագության գոտու ստեղծման հարցը:
Այժմ արդեն պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ս. Օհանյանը հիշեց, որ խնդիր էր դրված շփման գծից 25 կմ հետ քաշել ծանր զինտեխնիկան: Օհանյանն առաջարկել է, «քանի որ մենք չունենք խորություն, մենք հետ կքաշենք 5 կմ, իսկ դուք հետ կքաշեք 25 կմ»: Քննարկումը վերածվել է վեճի, և բանը հասել է նրան, որ Օհանյանն ասել է, ուրեմն մենք առաջ կգանք: Փորձեք, պատասխանել է ադրբեջանցին, որին հետևել է Ս. Օհանյանի պատասխանը` փորձելու բան չկա, ինչպես միշտ ճողոպրելու եք հայի առջևից:

«Այդ տարիների փորձը ցույց տվեց, որ հենց այդ 5-6 շրջաններն այդ ժամանակ ազատագրվեցին: Չգիտեմ, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այդ մասին հիշո՞ւմ է, թե՞ չէ, բայց երբ օրը գա ու հարկ լինի, ես դրա մասին նրան կհիշեցնեմ»,-ասաց նախարարը, հիշեցնելով, որ այս խոսակցությունը եղել է Հայոց բանակի կայացման 5 փուլերից չորրորդի ընթացքում: Նախարարը հիշեցրեց, որ հենց Ադրբեջանի խնդրանքով զինադադարի եռակողմ պայմանագիր կնքվեց:

Պաշտպանության նախարարը նշեց, որ այսօր էլ ինքն այն կարծիքին է, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններին պետք է մասնակցի ԼՂ-ն: «Միջազգային տարբեր կառույցներում հանդիպումների ժամանակ ես ասում եմ, որ հարցի լուծման վերջնական փուլում, եթե կողմերը որևէ հարցի շուրջ պայմանավորվածության գան, ապա ստիպված են լինելու ԼՂ իշխանությունների հետ զրոյից նորից սկսել այդ բանակցությունները»,-ասաց Ս. Օհանյանը:

No comments: