News.am. 25-2-2011- Թուրքիայի Կայսերի քաղաքի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Շահին Շիմշեքը, ով 2010-ի մայիսի 19-ին մի թաղման ժամանակ բռունցքով հարվածել էր Թուրքիայի էներգետիկայի նախարարին, հիմա էլ դատվում է անեկդոտ պատմելու համար, որը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ վիրավորանք է համարվել։Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ դատական առաջին նիստի ընթացքում դատավորը հայտնել է, որ Շիմշեքը մեղադրվում է վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններով մի անեկդոտ ինտերնետի միջոցով տարածելու համար։
Շիմշեքն արդարացել է՝ նշելով, թե այդ անեկդոտն ինքը եւս ինտերնետով է ստացել եւ քանի որ այն իրեն դուր էր եկել, այն ուղարկել էր 6 մարդու։ «Այդ անեկդոտը վիրավորանք չի պարունակում։ Ես անմեղ եմ եւ ցանկանում եմ արդարացում»,-ասել է Շիմշեքը։ Ամբաստանյալի պաշտպանական խոսքից հետո դատը հետաձգվել է։
Նշենք, որ խոսքը գնում է «Լոնդոնի իմամը» անեկդոտի մասին։ Լոնդոնի մզկիթներից մեկի նոր իմամն ամեն օր մզկիթից տուն գնալիս նստում է նույն ավտոբուսը։ Մի անգամ էլ ավտոբուսի տոմսն ստանալիս, վարորդը 20 ցենտ ավելի է տալիս իմամին։ Իմամը նստում է եւ մտածում՝ վերադարձնե՞լ, թե՞ չվերադարձնել այդ 20 ցենտը վարորդին։ Իմամը որոշում է, որ 20 ցենտը մեծ գումար չէ եւ այն դժվար թե վարորդին ինչ որ օգուտ տա՝ մտածելով, որ այն Ալլահի կողմից իրեն նվեր է։
Երբ ավտոբուսը մոտենում է կանգառին, իմամը մտքափոխ է լինում՝ հետ վերադարձնելով վարորդին ավել ստացած 20 ցենտը։ Այդ ընթացքում վարորդը ծիծաղում է եւ ասում. «Ես որոշել էի ձեր մզկիթ գալ եւ ծանոթանալ իսլամին։ Ես միտումնավոր ավել տվեցի մանրը՝ ստուգելու համար ձեր արձագանքը»։
Այս խոսքերից հետո երիտասարդ իմամը մի կերպ իջնում է ավտոբուսից, կանգնում, փորձում ուշքի գալ կատարվածից։ «Աստված, քիչ էր մնում` իսլամը 20 ցենտով վաճառեի»,-ասում է իմամը՝ նայելով երկնքին։
Այս անեկդոտն ուղղված է նրանց, ովքեր կրոնը՝ քաղաքականություն, իսկ քաղաքականությունը՝ առեւտուր են դարձրել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment