Friday, February 25, 2011

Ռուսաստանին մտահոգում է Հս. Աֆրիկայի իրադարձությունների ազդեցությունը Կովկասի վրա. Պուտին

Tert.am. 24-2-2011- Արմատական իսլամիստների ազդեցության տարածումը Հյուսիսային Աֆրիկայում բացասական ազդեցություն կարող է ունենալ Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակի վրա։ Այսօր նման մտահոգություն է հայտնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք անհանգստացած ենք Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններով»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ «Ալ Կաիդայի» հյուսիսաֆրիկյան բջիջը նույնպես մտահոգված է Լիբիայի դեպքերով և հարցադրում արել. «Ի՞նչ եք կարծում, արդյոք սա պատահականություն է»:
Ռուսական «Գազպրոմի» և իտալական ENI նավթագազային ընկերությունների՝ Լիբիայում ունեցած համատեղ նախագծերի մասին Պուտինն ասել. «Լիբիայում հիմա որևէ նախագծի իրականացում իրատեսական չէ: Ո՞վ կգնա այնտեղ»:
Լիբիայում փետրվարի 15-ից սկսվել են հակակառավարական ցույցեր, որոնց հետևանքով, ըստ որոշ տվյալների, զոհերի թիվը մոտենում է 1000-ի: Զանգվածային հուզումներն սկսվել են Թունիսում և Եգիպտոսում նմանօրինակ հուզումների արդյունքում իրականացված հեղափոխություններից հետո:

No comments: