HayNews.am. 24-2-2011- Լիբանանի խորհրդարանի երկարամյա անդամ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Եղիկ Ջերեջյանը HayNews.am-ի հետ զրույցում խոսելով արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նկատեց, որ խռովություններն ունեն երկու պատճառ` ներքին և արտաքին:«Իբրև հիմնական ներքին պատճառ` իշխանությունների երկարատև գոյությունն է: Արաբական աշխարհում որպես կանոն կա’մ միապետություններ են կա’մ էլ հանրապետություններ, որոնց իշխանությունը փոխանցվում է հորից որդուն և տևում է տասնամյակներ: Սա է, որ մեծ դժգոհություն է առաջացնում ժողովուրդնների մոտ: Ամեն ինչ սկսվեց Թունիսից, հետո տարածվեց ավելի քան 10 երկրներում և մինչև այժմ էլ շարունակվում է: Նկատենք, որ ցուցարարների պահանջները խոր քաղաքական և սոցիալական բնույթ չունեն: Նրանք պահանջում են մի բան` գործող ղեկավարի հրաժարական»,-ասեց Եղիկ Ջերեջյանն ու հավելեց.
«Հետաքրքրական մի բան. Թունիսը, Եգիպտոսը կամ Հորդանանը ամերիկյան քաղաքականությանը հաշտ երկրներ են: Մի խոսքով, ակնկալվում էր, որ Արևմուտքը` ԱՄՆ-ն մասնավորապես, պետք է աջակցեն այդ ռեժիմներին, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Այստեղից էլ հետևություն, որ ԱՄՆ-ն ուզում է, որպեսզի այս երկրներում իշխանության գան իսլամական ծայրահեղ տարրերը: Բուշի վարչակարգը չէր թաքցնում և հայտարարում էր, որ իրենց անհրաժեշտ է նոր Միջին Արևելք: Կարծում եմ, որ Իրանի գործոնն է, որ ստիպում է ԱՄՆ-ին գնալ այդ քայլերին, որովհետև իշխանության պետք է գան Իրանին հակառակորդ սուննիները (Իրանում մուսուլմանների շիա ճյուղն է): Այս բախումն է, որ ձեռնտու է ԱՄՆ-ին, քանի որ փորձում է Իրանի հարցը լուծել ոչ թե սեփական ձեռքերով, այլ արաբական աշխարհին հակադրելու միջոցով»,-հավելեց ՍԴՀԿ գործիչը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment