Tuesday, February 15, 2011

Հայաստանում բանտարկված Իրանի քաղաքացիներին ուղարկում են հայրենիք

Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով և Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորմամբ, փետրվարի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալ տեղափոխվել է Իրանի Իսլամական Հանրապետություն` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանի հաղորդմամբ, մինչ այդ, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվում էր ավելի քան 70 դատապարտյալ ԻԻՀ քաղաքացի: Ներկայումս ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև բանակցություններ են վարվում դատապարտված անձանց` պատժի հետագա կրելու, փոխանցելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, և առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան պայմանագիրը:

Ընդհանուր առմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում են օտարերկրյա ավելի քան 200 քաղաքացիներ: ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ, արտաքին գործերի նախարարության և համապատասխան դեսպանությունների հետ աշխատանքներ են տարվում օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրյա քաղաքացիների պատժի հետագա կրման համար` իրենց քաղաքացիության երկրներ տեղափոխելու ուղղությամբ:

No comments: