Tuesday, February 15, 2011

ԻՐԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ

«ԱԶԳ», 15-02-2011- Մեր հարեւան Իրանի նկատմամբ ձեռնարկված կիբեռհարձակման վերաբերյալ ռուսաստանյան ԶԼՄ-ներում հրապարակված ռազմափորձագիտական նյութերը առաջին հերթին ապշեցնում են այն առումով, թե ավանդականի համեմատ ինչքան, այսպես ասած, նենգաբարո ու արտառոց են դառնում պատերազմների վարման արդիական տեխնիկական-տեխնոլոգիական-հոգեբանական եւ շատ այլ մեթոդներն ու միջոցները: Երկրաշարժահարույց, օդերեւութաբանական եւ նման էկզոտիկ զենքերին կոնկրետ կիրառմամբ լրացնում են կիբեռէլեկտրոնային հարձակումները:
Իսրայելը երբեք չի թաքցրել իր անհանգստությունը Իրանիՙ իր նկատմամբ ծայրահեղ թշնամաբար տրամադրված պետության միջուկային ծրագրերի կապակցությամբ, եւ իր հերթին պատասխան միջոցներ է ձեռնարկում ամեն ձեւով չեզոքացնելու իրեն սպառնող իրական վտանգը: Տակավին կրտսեր Բուշի կառավարման տարիներին իսրայելցիները փորձում էին ԱՄՆ-ից ստանալ խորքային հաստ բետոնապատերը ճեղքող ռումբերՙ իրանական ստորգետնյա միջուկային օբյեկտները ոչնչացնելու համար: Սակայն Աֆղանստանում եւ Իրաքում խրված ամերիկացիները, չուզենալով էլ ավելի բարդացնել իրավիճակը, խորհուրդ են տալիս ուշադրությունը կենտրոնացնել Իրանի միջուկային ծրագրերի տեխնիկական կազմալուծման վրաՙ ժամանակ շահելու եւ մուսուլմանական աշխարհում հերթական դժգոհության ալիք չառաջացնելու համար:
Ահա եւ, տարբեր աղբյուրներով, մի քանի պետությունների աջակցությամբ իսրայելցիները, որոնց բանակը ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման բնագավառում համաշխարհային լիդերներից մեկն է, Նեգեւ անապատի գաղտնի բազայում (ի դեպ, այստեղ է ստեղծվել նաեւ նրանց առաջին ատոմային ռումբը) մշակեցին Stuxnet անվանված համակարգչային վիրուս, որը, ընկնելով ցենտրիֆուգների ծրագրային ապահովման մեջ, մնում է միանգամայն աննկատ, բայց անհրաժեշտ պահին մեքենաներին հղում է հրահանգներ, որոնցից դրանք պտտվում են այնպիսի արագությամբ, որ ցենտրիֆուգների ռոտորները չեն դիմանում եւ ջարդվում են: Բայց սա էլ դեռ ամեն ինչ չէ. թափանցած վիրուսը ունի նաեւ համակարգչային որդի հատկություններ, այսինքնՙ կարող է ցանցի մեջ ինքնարտադրվել:
Որոշ մասնագետների կարծիքով, սա թերեւս առաջին իսկական կիբեռպատերազմն է պատմության մեջ: «Մոսադի» նախկին ղեկավարներից մեկի համոզմամբ, Իրանի միջուկային ծրագրի զարգացումը դրա հետեւանքով հետ կընկնի առնվազն 4 տարով: Իրանցիները պատճառված վնասի գնահատումները համարում են չափազանցված:
Անկեղծ ասած, կարդալով այս թեմայով մոսկովյան հրապարակումները, գլխումս անընդհատ մի միտք էր պտտվումՙ իսկ ի՞նչ է արվում մեր հարազատ հայկական բանակում ռազմական կիբեռնետիկայի ու էլեկտրոնիկայի զարգացման ասպարեզում: Այդ նույն Իսրայելի պաշտպանության բանակը եւ հետախուզությունը վաղուց ունեն «համակարգչային հատուկ նշանակության ծառայություններ»: Իսկ ահա Իրանի զինված ուժերում համակարգչային եւ կիբեռնետիկական անվտանգության հատուկ ստորաբաժանումները նոր-նոր են կազմավորվում: Համաձայնեք, տարբեր քաշային կատեգորիաներ են:
Կոնկրետ Իսրայելի առնչությամբ ակնհայտ է կիբեռպատերազմի եւս մի առավելություն: Պարզ է, որ առանց ԱՄՆ-ի հավանության Իսրայելը չի կարող հարձակվել Իրանի կամ թեկուզ նրա միջուկային օբյեկտների վրա (Իրանը Իրաք չէ եւ ոչ էլ Սիրիա, շատ ավելի հզոր պետություն էՙ ընդունակ ոչնչացնելու «մատնաչափ» Իսրայելը): Առավել եւս, որ Բարաք Օբաման այնքան էլ հակված չէ մարտնչելու հանուն Իսրայելի շահերի: Սակայն իսրայելցիները բնավ հարկ չունեն ստանալու ամերիկյան վարչակարգի համաձայնությունը զանազան վիրուսներ ու որդեր իրանական տարածք ուղարկելու համար: Այնպես որ, հասկանալի է Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարի ուղղակի, ինքնավստահ հայտարարությունը, որ իր երկիրը պատրաստ է կիբեռպատերազմի:
Իսկ հիմա դառնանք միջուկային ֆիզիկայի ասպարեզի իրանցի երկու պրոֆեսորների սպանությանը եւ մեկի դեմ կատարված մահափորձին: Նոյեմբերի 29-ին սպանված հայտնի ֆիզիկոս Մաջիդ Շահրիարին զբաղվում էր հենց Stuxnet վիրուսին հակազդելու խնդրով: Մահափորձից փրկված մյուս գիտնականը լազերային ֆիզիկայի մասնագետ է եւ անմիջականորեն աշխատում է Իրանի պաշտպանության նախարարությունում: Օբյեկտիվորեն նման մասնագիտությամբ մասշտաբային անձանց շարքից հանելու գործողությունները եւս կարելի է վերագրել իսրայելական հետախուզությանը: Սակայն ռուսաստանյան լրատվամիջոցներում երեւացին վարկածներ, որ նրանց վերացման մեջ կարող են շահագրգռված լինել որոշ արաբական պետություններ, մասնավորապես Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը, որոնց դուր չեն գալիս մուսուլմանական աշխարհում թե տարածաշրջանում լիդեր դառնալու Իրանի հավակնությունները: Միեւնույն ժամանակ չի բացառվում նաեւ Աֆղանստանի մուսուլմանների ուժեղացող անջատողական շարժման մասնակցությունը:
Բայց սրանք, ինչպես ասում են, ուրիշ պատմություններ են:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: