Tuesday, February 15, 2011

Իրանի քաղաքական իրավիճակը չի ազդի հայ-իրանական տնտեսական ծրագրերի վրա. Արմեն Մովսիսյան

Tert.am.15-2-2011- Իրանում չեն լինի քաղաքական լարվածություններ, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ հայ-իրանական տնտեսական ծրագրերի վրա։ Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ «Չեմ կարծում որ ներկայումս Իրանում քաղաքական վիճակը ավելի լարված է, քան նախկինում»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ այս տարի գործնական փուլ է մտնելու Արաքս գետի վրա Մեղրիի հէկ-ի նախագծի իրականացումը, նախատեսվում է 70%-ի չափով կատարել Հայաստան-Իրան բարձր լարման երրորդ էլեկտրագծի շինարարությունը, տարեվերջին սկսել Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարի շինարարությունը, որը կկառուցվի երկու տարվա ընթացքում։
Ըստ նախարարի` Թավրիզ-Երասխ նախագծի հայաստանյան մասի կառուցման համար կպահանջվի շուրջ $100 մլն: Ներդրումները հնարավոր է կատարվեն տարբեր աղբյուրներից։ Չի բացառվում, որ դրանք կատարվեն պետական միջոցների հաշվին։
Խողովակաշարի տեխնիկական չափանիշներն այնպես են հաշվարկվել, որ այն պետք է շահագործվի 25 տարի։ Հիմքում դրված է Հայաստանում նավթամթերքի պահանջարկի աճը այդ ժամանակահատվածում։ Մովսիսյանը նշեց, որ խողովակաշարի միջոցով հնարավոր կլինի նավթամթերք ներկրել ոչ միայն Թավրիզի նավթի վերամշակման գործարանից, այլև Պարսից ծոցի բորսայից։

No comments: