Friday, February 18, 2011

Վարդան Օսկանյան: Ժողովրդավարություն
“խաղալը” իրականում ավելի վատ է

Ձեզ ենք ներկայացնում Վարդան Օսկանյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում է Հայաստանի առաջ կանգնած ներքին և արտաքին մարտահրավերների մասին, ամփոփում է Սիվիլիթասի անցած 2.5 տարիների աշխատանքը:

-Սիվիլիթաս: Սիվիլիթաս հիմնադրամը վերջերս հրապարակեց Հայաստանի և տարածաշրջանի խնդիրներին առնչվող արդեն երրորդ զեկույցը: Այս առիթով կարելի է հետադարձ հայացք նետել Սիվիլիթասի աշխատանքին: Ինչպե՞ս եք այն գնահատում:
-Գրեթե 3 տարվա ընթացքում Սիվիլիթասի իրականացրած բազմաթիվ ծրագրերի գնահատականը առաջին հերթին պետք է ակնկալել հասարակությունից: Մեզ պարբերաբար հասնող արձագանքները առիթ են տալիս վստահ լինելու, որ այս կարճ ժամանակահատվածում արդյունքները տեսանելի և շոշափելի են:
Մեր բոլոր ծրագրերը միտված են եղել քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Մեր հանրային քննարկումները, հասարակական կազմակերպություններին, գրադարաններին, կրթաթոշակային ծրագրերին, քաղաքացիական հասարակության համախմբման ներուժ ունեցող այլ ուղղություններին ու հաստատություններին առնչվող բազմաթիվ ծրագրերը կարողացել են ի վերջո հանգեցնել մեզ համար կարևոր արդյունքի: Դրանք նպաստել են այս ոլորտներում ամենատարբեր հատվածների ավելի ակտիվ ներգրավմանը: Որևէ խնդրի շուրջ համախմբվելու, կարծիք հայտնելու, մասնակցելու մեջ արժեք ու կարևորություն են սկսել տեսնել ամենատարբեր, այդ թվում և քաղաքականապես պասիվ շերտերում:

Մեր ծրագրերի մյուս` գյուղական բնակավայրերի զարգացման ուղղությունը ըստ էության նույն նպատակն է հետապնդում:

Մարզերում մենք տնտեսական զարգացման փոքր, բայց նպատակային ծրագրեր ենք իրականացնում, միկրոֆինանսավորման մոդելով, տրամադրելով ընտանիքներին անհրաժեշտ միջոցներ ինքնաբավ դառնալու համար, որը նաև հնարավորություն կստեղծի ընդլայնել ամբողջ գյուղի հնարավորությունները և ի վերջո կնպաստի նրան, որ գյուղացին իրեն առնվազն սեփական կյանքի տերը կզգա:

-Կարելի՞ է ասել, որ մենք հանդիպել ենք խոչընդոտների:
-Կարելի է ասել, որ դա կարևոր չէ: Մենք հաղթահարել ենք մեզ հանդիպած խոչընդոտները և առաջ ենք շարժվել: Իհարկե միշտ նոր ռեսուրսների կարիք կա, բայց կարծում եմ, ամենամեծ խոչընդոտը գաղափարական է: Իշխանությունը դրսևորում է այլակարծության հանդեպ հանդուրժողականության պակաս և դա սնուցում է հասարակության մեջ անհանդուրժողականությունը: “Կամ մեզ հետ, կամ մեր դեմ” մոտեցումը իշխանության ներկայացուցիչների զգալի մասի մոտ անառողջ մոտեցում է: Տեղեկացված, մտածված բանավեճի փոխարեն նման սահմանափակումները ստիպում են, որ ցանկացած մեկնաբանություն կամ քննադատություն իջեցվեն ամենացածր մակարդակի:

Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ մեր հանրային քննարկումները կարևոր են: Թե դահլիճում, թե նաև առցանց հեռարձակման միջոցով, մենք ուզում ենք ցույց տալ, որ տեսակետ հայտնելը ոչ միայն ողջունելի է, այլև մեր պարտականությունն է, որպես քաղաքացի: Թերևս մենք հաջողության ենք հասել այդ առումով: Վերջին քննարկումներից մեկին մեկի ընթացքում բեմի վրա մասնակցեցին 4 տարբեր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ: Դրանից առաջ, շատ թեժ քննարկում ունեինք բանակի խնդիրներին նվիրված, որին մասնակցում էին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և նախարարությանը խիստ քննադատության ենթարկած իրավապաշտպաններ: Մի խոսքով, մենք հաջողություններ ենք արձանագրում և շարժվում ենք առաջ:

Այս տարի մենք հատկապես մեծ արդյունքներ ենք ակնկալում: Եթե նախորդ 3 տարիները մեզ համար աճելու և կայանալու տարիներ էին, այսօր մենք կարող ենք ընդլայնել մեր ծրագրերը և էլ ավելի տեսանելի գործ անել: Մենք հրաշալի բարեկամներ ունենք՝ Հայաստանում և սփյուռքում, ինչպես նաև միջազգային հանրությունում: Կան նաև անհատներ, որոնք ուզում են մաս կազմել այն գործընթացին, որը կօգնի որ երկիրն առաջ շարժվի:

-Կարո՞ ղ եք ներկայացնել մի փոքր տարեկան զեկույցի կազմման գործընթացը: Ովքեր են մասնակցում դրան: Ինչ է ուզում Սիվիլիթասը ասել այդ զեկույցով:
-Զեկույցը գործիք է, որ հնարավորություն է տալիս մեզ անելու այն, ինչ մենք Հայաստանում ընդհանրապես չենք անում: Այն է` օբյեկտիվորեն գնահատել ինքներս մեզ, մեր գործողությունները, մեր նպատակները, մեր հաջողությունները, մեր ձախողումները, որպեսզի վերախմբավորենք, անհրաժեշտության դեպքում վերաձևակերպենք մեր ուղղությունները և առաջ շարժվենք: Սկզբում թվում էր, թե Հայաստանը նոր պետություն է և այդ պատճառով մենք չգիտեինք, թե ինչպես և կամ ժամանակ չունեինք վերլուծելու մեր նպատակները և գործողությունները: Հիմա, ես կարծում եմ, Հայաստանը չի ցանկանում տալ այդ գնահատականները: Մենք լսում ենք ուրիշների քննադատությունը, որ բխում է նրանց օրակարգերից կամ չափանիշներից և առաջ ենք շարժվում անկախ այդ քննադատությունից:
Սիվիլիթասի տարեկան զեկույցը և զեկույցի կազմման ողջ գործընթացը տարբեր տեսակետների և փաստարկների համադրում է: Տեսակետները գալիս են թե Սիվիլիթասից, թե նաև Սիվիլիթասից դուրս աշխատող փորձագետներից: Համադրումը նույնպես երկար քննարկումների և բանավեճերի արդյունք է և դա է կարծում եմ զեկույցի արժեքը:

-Ինչպե՞ ս եք դուք գնահատում և ինչպես է ընդհանրապես հնարավոր գնահատել:
-Գնահատման մեկ հստակ չափանիշ կա` արդյունքները: Սիվիլիթասը դատում է արդյունքներով: Ես չգիտեմ օբյեկտիվ գնահատման այլ չափանիշ: Դատելով արդյունքներից` իրավիճակը վատն է: Տնտեսության, ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում իրավիճակը անորոշ է և բարդ: Առավել տեսանելի են տնտեսության խնդիրները, որովհետև դրանց մենք առնչվում ենք ամեն օր, անկախ մեր նյութական վիճակից: Վիճակագրությունը նույնպես հաստատում է այդ զգացումը:
Աղքատությունն ավելանում է, գործազրկությունը նույնպես, արտաքին պարտքը եռապատկվել է, եռապատկվել է բյուջեի դեֆիցիտը: Նվազել է բնակչության կենսամակարդակը: 2009-ի ՀՆԱ-ի 15 տոկոսի անկումը մեծ հարված էր տնտեսությանը, մենք կարծես դեռ չգիտենք ինչպես հաղթահարենք այն: Լավագույն դեպքում, եթե 2010 թ. 2.4 տոկոսի աճը կրկնապատկվի և այն կրկնապատկվի նաև հաջորդ տարի 2013 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին իրական ՀՆԱ-ն ավելի ցածր կլինի քան 2008 թվականին էր: Սա մտահոգությունների լուրջ տեղիք է տալիս, եթե նույնիսկ կա իրավիճակը շտկելու ծրագիր: Բայց նման ծրագիր չկա: Նույնը նաև ներքաղաքական ոլորտում է: Ազատությունները էլ ավելի են սահմանափակվում: Խաթարված է ազատ հավաքների իրավունքը: Մենք ամեն օր ականատես ենք լինում դրան այստեղ` Սիվիլիթասի գրասենյակում: Օպերայի շրջակայքում արտոնում են աղմկոտ ամենատարբեր երաժշտական միջոցառումներ, բացառապես որպեսզի այնտեղ հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն չլինի: Հեռուստատեսությունը վերահսկվում է: Մարդիկ շարունակում են անազատության մեջ մնալ քաղաքական պատճառներով: Ակնհայտ է Ղարաբաղի շուրջ անորոշությունը, չկա այն բանակցված փաստաթուղթը, որի շուրջ կողմերը համաձայն են շարունակել բանակցությունները: Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ մեծ ջանքերով, տարիների բանակցային գործընթացի արդյունքում հաջողվեց ամրագրել բանակցվող փաստաթղթում, այսօր մենք կարող ենք կորցնել:
20 տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները նույնպես նման փակուղում և նման լարված իրավիճակում չեն եղել, ինչպես այսօր են` հայ-թուրքական չհաշվարկված գործընթացից հետո:
Այս ամենը վրդովեցուցիչ է թե Հայաստանի բնակչության, թե միջազգային հանրության համար: Ավելին, այս անորոշությունը սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Իշխանությունները, իրենց հերթին, թույլ չերևալու նպատակով խոսում և գործում են այնպես, կարծես ամեն ինչ կարգին է, ինչն իր հերթին ավելացնում է հասարակության հուսալքությունը և աշխատում է թե՛ ժողովրդի, թե՛ պետության դեմ:

-Սա լսողը ակնհայտ հարց է տալու, ի՞ նչ անել, որտեղի՞ ց սկսել:
-Խնդիրների լուծման համար պետք է գտնել դրանց պատճառները, որոնք բազմազան են: Անկախության 20 տարիների ընթացքում խնդիրները նույնն են մնացել: Դրանք ակնհայտ են, դրանք լուծելի են, և միայն դրանց լուծումը կարող է երկրին բարեկեցություն բերել: Դրանք չեն լուծվում բացառապես քաղաքական կամքի, և անձնական շահերը երկրի շահին գերադասելու մտայնության պատճառով: Առաջնային խնդիրը այսօր քաղաքական մենաշնորհն է: Տնտեսական մենաշնորհները, կոռուպցիան ընդամենը քաղաքական մենաշնորհի հետևանք են: Միևնույն ժամանակ, դրանք նաև նպաստում են քաղաքական մենաշնորհի պահպանմանը:
Ի վերջո, չնայած խորհրդարանում 5 կուսակցություն կա, Հայաստանում իրականում գործում է միակուսակցական համակարգ, որ հաշվետու է միայն ինքն իր իշխանական խմբին: Միայն այս կենտրոնացած համակարգը, քաղաքական մենաշնորհը վերացնելուց հետո կլուծվեն մյուս խնդիրները: Միայն ազատ քաղաքական մրցակցության պայմաններում է հնարավոր ազատ տնտեսական մրցակցությունը: Իշխանության գործադիր և օրենսդիր թևերի ներսում պետք է տարբեր` հավասարապես ազդեցիկ ուժերի իրական մրցակցություն ձևավորվի: Որպեսզի համակարգը հաշվետու լինի ոչ թե մեկ կենտրոնի և այդ կենտրոնը որոշի խաղի կանոնները այլ ի վերջո` հասարակությանը: Որպեսզի հասարակությունն էլ շարունակի սատարել բազմաբևեռ մրցակցային քաղաքական համակարգին: Միայն այդ պարագայում մի բևեռը իրականում որոշակիորեն կվերահսկի մյուս բևեռը և միայն այդ պարագայում հնարավոր կլինի պայքարել կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների և այլ խնդիրների դեմ:
Դա իր հերթին նշանակում է ավելի ամուր պետություն, մեր սահմանափակ ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականով մեզ նման երկրներում հարկերը պետք է կազմեն ՀՆԱ-ի 22 տոկոսը: Հայաստանում այդ թիվը ընդամենը 17 տոկոս է: Ընդամենը 5 տոկոսի տարբերությունը ամեն տարի Հայաստանի բյուջեն զրկում է ավելի քան 190 միլիարդ դրամից: Հայաստանի ողջ ռազմական բյուջեն ավելի քիչ է: Հենց այդքան գումար ենք մենք տրամադրում սոցիալական ոլորտին: Ընդամենը այս 5 տոկոսը հնարավորություն կտար օրինակ, բազմապատկելու այս թիվը:
Խնդիրները կլուծվեն, եթե մենք դադարենք ժողովրդավարություն “խաղալ” և իրականում որդեգրենք ժողովրդավարական արժեքները: Ժողովրդավարություն
“խաղալը” իրականում ավելի վատ է, քանի որ դա սին հույսեր է ներշնչում և ի վերջո հուսախաբ է անում հասարակությանը: Պետք է հասարակությանը մատուցել իրական ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները` և խոսքը միայն ընտրությունների մասին չէ: Խոսքը ազատությունների, հանդուրժողականության և, ամենակարևորը` օրենքի գերակայության մասին է:
Մինչ այժմ մենք շարժվել ենք հակառակ ուղղությամբ` իշխանության կենտրոնացման, անհատների և ոչ թե օրենքի իշխանության ճանապարհով:
Անկախության 20-րդ տարում մենք բոլորս պարտավոր ենք խորը վերլուծել ստեղծված իրավիճակը, օբյեկտիվորեն գնահատել, թե ինչ սխալներ ենք արել, ինչն է պետք շտկել, սովորել ուրիշների սխալներից և հաջողություններից, մեծ ու փոքր, նոր և կայացած պետություններից:

No comments: